Դժվա՞ր է խաղաղություն գնացող երկրի ղեկավարի հետ պայմանավորվել, որ գոնե մեր հարազատների շիրիմները չպղծեն

Դժվա՞ր է խաղաղություն գնացող երկրի ղեկավարի հետ պայմանավորվել, որ գոնե մեր հարազատների շիրիմները չպղծեն

Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման վտանգի տակ: Ադրբեջանը կրկին պղծել է օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը։ 

«Եթե մինչ օրս տարածված տեսանյութերում հուշահամալիրի գերեզմանաքարերն ուղղակի անտեր-անխնամ էին, ապա օրերս տարածված տեսանյութում կարելի է տեսնել, որ միտումնավոր կերպով ջնջվել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը՝ աչքերը, բերանը, որոշներն ուղղակի կոտրվել են»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է շուշեցի Մարինեն, որի եղբայրը նույնպես հուղարկավորվել է Ստեփանակերտում։ 

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ադրբեջանցի իշխանամետ բլոգեր Քյամրան Ռազմովարի և պետական հեռուստատեսության լրագրողի այցից հետո։ Վերջիններս մտել են հուշահամալիր ու իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը հորդորել՝ մաքրել ու հողին հավասարեցնել ամբողջ համալիրը, քանի որ «մեծ տարածք է զբաղեցնում «իրենց տարածքում»։ Վերջիններիս կողմից հրապարակված տեսանյութերի մեկնաբանությունների բաժնում իրենց անջատողական գրառումներով աջակցել են նաև ադրբեջանցի օգտատերերը։ 

«Դրանից հետո տեսանք այս պատկերը։ Անտանելի է։ Մեզ ասում են «մի՛  խանգարեք, խաղաղության ենք գնում»։ Արցախից հրաժարվեցիք՝ հասկացանք, արցախցիների հանդեպ ատելության քարոզ սկսեցիք՝ դիմացանք, դժվա՞ր է խաղաղություն գնացող երկրի ղեկավարի հետ քննարկեք, պայմանավորվեք, որ գոնե մեր հարազատների շիրիմները չպղծեն, չջարդեն, դրանք ցուցադրաբար չնկարեն։ Ո՞վ է տեսել քաղաքակիրթ համարվող 21-րդ դարում նման վարքագիծ»,-ասաց Մարինե Մեսրոպյանը։ 
Արցախյան առաջին ազատամարտի տարիներին ազատագրված տարածքներում հայերը հիմնականում պահպանել են ադրբեջանական գերեզմանները։ Մեր զրուցակիցն ասում է.

«Իհարկե՛, ոչ խնամքով, բայց, այնուամենայնիվ, հոգևոր-մշակութային կոթողները, գերեզմանատները միտումնավոր չեն պղծվել։ Դրանց մի մասը քանդվել կամ շարքից դուրս է եկել պատերազմների հրետակոծության արդյունքում»,-ընդգծեց նա։ 

Հայկական հուշարձանների, այդ թվում՝ գերեզմանոցների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։

Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայցև չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով:

Հունան Թադևոսյան