Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա, քրեական գործ է հարուցվել:
Գուցե տարօրինակ հնչի, բայց իրավապահներն ընդամենը մեկ դրվագով իշխանության «սրտի օլիգարխի» դեմ կիրառել են հարկադրանքի ամբողջ գործիքակազմը. վարչական վարույթ, քրեական գործ, գույքի կալանք:
ԶԼՄ-ներում տեղի ունեցածի վերաբերյալ կարելի է տարբեր վարկածների հանդիպել, ընդ որում՝ դրանց համար տեղիք տվեց հենց Սուքիասյանը, ով տեղի ունեցածին արձագանքեց բավականին հախուռն, էպատաժային ոճով: Ընդ որում, ուշագրավ է, որ օլիգարխ պատգամավորի բուռն քննադատության, որակումների թիրախ դարձան ոչ թե իրեն «հետապնդող» իշխանությունները, վարույթների հարուցած իրավապահները, այլ նախկին նախագահները, ընդդիմադիր լրագրողները:
Սա այն դեպքն է, երբ Փաշինյանը մտադրվել էր «մեկ հարվածով երկու նապաստակ խփել» ու, ըստ ամենայնի, դա նրա մոտ ստացվում է:
Տեղի ունեցածի վերաբերյալ շատ ուշագրավ դիտարկում է արել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ ամբողջական իշխանության հասնելու հավակնություններ ունեցող երբեմնի սրտի օլիգարխին Նիկոլը որոշել է մի լավ պատժել՝ այս ու այնտեղ իր հասցեին արված ոչ կոռեկտ խոսքերի համար…»:
Հենց սա՝ ներիշխանական հակասությունների վարկածը, մեր կարծիքով՝ Սուքիասյանի դեմ կամպանիայի հիմնական վարկածն է:
Փաշինյանը ձգտում է մոնոլիտ իշխանության, որը չի հանդուրժում խոշոր կապիտալի ինքնաբավ կարգավիճակ, չի ենթադրում մի իրավիճակ, երբ Խաչատուր Սուքիասյանը, թեկուզև իշխանության ներսում, կարող է ունենալ սեփական խաղ:
Հենց սա է Փաշինյանը հասկացնում իր «սրտի օլիգարխին»:
Վերջինս, ի դեպ, իր «սրտի վարչապետի» ուղերձը շատ լավ հասկացել է. հարվածներ ստացել է իշխանությունից, սակայն թիրախավորում է նախկին նախագահներին: Այլ խոսքով, Փաշինյանը Սուքիասյանի համար մի իրավիճակ է ստեղծել, երբ հայտնի գործարարը ստիպված է նոր ծառայություններ մատուցել՝ իշխանությանը, մեծացնել կախվածությունը Փաշինյանից ու դառնալ ավելի խոցելի հասարակության համար:
Իհարկե, Սուքիասյանի դրվագը այլ ուղերձներ էլ ունի, որոնք հասցեագրված են այլոց ևս:
Մոնոլիտ իշխանությունը ենթադրում է սեփականության վերաբաժանում: Հիմա, տարբեր կալիբրի գործարարները «մուծվելու» ուղերձ ստացան. այլևս դա է այս իշխանության օրոք «հանգիստ ապրելու» բանաձևը:
«Սիլ պլազայի» գործարքի մյուս կողմը երկրի գործող նախագահ Վահագն Խաչատուրյանն է, որը ժամանակին եղել է Երևանի քաղաքապետ ու պատմական շենքը «ջրի գնով» տվել է Սուքիասյան ընտանիքին: Ավելորդ է ասել, թե այս աղմուկը «նիկոլականության» ինչպիսի դաս է անդեմ նախագահին...
Վահրամ Բագրատյան