Երևանի ու ՀԱՊԿ տարբեր ակնկալիքները

Երևանի ու ՀԱՊԿ տարբեր ակնկալիքները

Ի տարբերություն Վլադիմիր Պուտինի հայաստանյան առաջին հետպատերազմյան այցին, այս անգամ Ռուսաստանի նախագահին Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց անձամբ: Ի դեպ, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարներին պաշտոնական Երևանը դիմավորեց փոխվարչապետի մակարդակով, ինչն, ի դեպ, նախատեսված է արարողակարգով:

Չնայած Պուտինին ցուցաբերված «առանձնահատուկ» ընդունելությանը՝ մեծ հաշվով, ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկնարկին հնչած ելույթները հուշում են, որ բանակցություններից հնարավոր չէ սպասել այն արդյունքն, ինչն ակնկալվում է Երևանի կողմից:

«Փաստացի մինչ այսօր մենք չունենք ՀԱՊԿ–ի արձագանքն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին»,- գագաթնաժողովի հրապարակային հատվածում ասել է Փաշինյանը՝ ակնարկելով, թե հենց դա է սպասում երևանյան քննարկումներից:

Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է, այսօր՝ նախքան ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկնարկը հայտարարել է ռազմական կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Բելառուսական հեռուստատեսությանը տված մեկնաբանության մեջ Զասը մի փոքր «բացահայտում» է արել՝ նշելով, թե ամեն ինչ գնում է դեպի խաղաղության պայմանագիր:

Իհարկե, սա այն չէ, ինչ ակնկալում է Երևանը, որը պնդում է, թե դաշնակիցներն առնվազն պետք է գնահատական տան Ադրբեջանի ագրեսիային:

Դատելով Պուտինի ելույթի մի հատվածից՝ Ռուսաստանի նախագահը նույնպես շեշտը դնում է ոչ թե Հայաստանին աջակցելու կամ Ադրբեջանին դատապարտելու, այլ՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության վրա:

«Մեր ուշադրությունը կենտրոնացած կլինի հայ-ադրբեջանական համալիր կարգավորման ջանքերի ամրապնդմանն առնչվող հարցերին։ Դա, բնականաբար, սուր հարց է, որ մեր ուշադրության կարիքն ունի», - նշել է Ռուսաստանի ղեկավարը՝ հավելելով, որ Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները լավ հիմք են հետագա հիմնարար հարցերի լուծման համար:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ գործընթացն ավարտվելու է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ:

Ի դեպ, պակաս կարևոր չեն նաև Փաշինյան- Պուտին երկկողմ բանակցությունները, մանավանդ, որ Ռուսաստանի նախագահը, Երևան այցելությունից առաջ, հեռախոսային զրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ:

Վահրամ Բագրատյան