Փաշինյանն իր վրա դրված պարտականությունները մեծ պատվով կատարում է, տարածաշրջանը հայաթափում է․ Ադիբեկյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱՀ խորհրդարանում հայտարարեց, որ Բերձորը պետք է շրջանցել։
«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը»,- ասել է Հարությունյանը։
Փաստացի, Արցախի նախագահը, հետևելով Նիկոլ Փաշինյանի օրինակին, ընդունում է Բերձորը թշնամուն հանձնելու պայմանը։ Ի՞նչ կարող ենք սպասել․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ։
Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանն ասում է այն, ինչ իրականում կա, այն, ինչին իրականում հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի այս չորս տարիների քաղաքականությունն ու խայտառակ պարտությունը։
«Սա բերելու է Արցախի հայաթափմանը և Ադրբեջանի կազմում հայտնվելուն։ Այսինքն՝ այն ամենը, ինչից խոսում էինք, արդեն իրականություն է»,- նշեց Ադիբեկյանը։
Ըստ Ադիբեկյանի՝ Արայիկ Հարությունյանն այլ տարբերակ չունի, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից ամեն ինչ արվում է Արցախը հայաթափելու համար։
«Նիկոլ Փաշինյանն իր վրա դրված պարտականությունները մեծ պատվով կատարում է. տարածաշրջանը հայաթափում է»,- նկատեց ադրբեջանագետը։
Նա նկատեց՝ այս ամենի դեմ պայքարի մի տարբերակ կա՝ Փաշինյանի հեռացում և մեղավորների պատիժ։
«Մենք ունենք ղեկավարություն, որն ամեն ձևով պատրաստ է Հայաստանը հանձնել, ուստի պետք է քայլ առաջ նրանց հեռացնենք։ Հակառակ դեպքում, մեր պետությունում շարունակվելու է Ադրբեջանի շահերի պաշտպանությունը»,- եզրափակեց խոսքը Արմինե Ադիբեկյանը։
Նարե Գևորգյան