Տուվալուն մտահոգված է, որ կլիմայական փոփոխությունները շուտով մոռացության կմատնվեն

Խաղաղօվկիանոսյան Տուվալու կղզի պետությունում աճում է մտահոգությունն առ այն, որ կլիմայական փոփոխությունների խնդիրը կմոռացվի, եւ հարեւան կղզիները «գործիք» կդառնան Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ծավալվող միջազգային մրցակցության գործում: Reuters-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Տուվալուի ԱԳ նախարար Սայման Քոֆեն:
Նրա խոսքով՝ մրցակցությունը գերտերությունների միջեւ անհանգստություն կառաջացնի՝ շեղելով ուշադրությունը կլիմայական փոփոխությունների խնդրից, ինչն առաջնահերթություն է խաղաղօվկիանոսյան կղզիների համար, որոնք կանգնած են ծովի մակարդակի բարձրացման սպառնալիքի առաջ:
«Վերջին բանը, որ կուզենայինք, այն է, որ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին օգտագործեն միմյանց դեմ կամ օգտագործեն որպես գործիք»,- ասել է դիվանագետը:
Անցյալ տարի 12 000 բնակիչ ունեցող երկրի ներկայացուցիչ քաղաքական գործիչը գրավել էր ողջ աշխարհի ուշադրությունը, երբ կլիմայի հարցով համաշխարհային համաժողովին մասնակցել էր ծովում կանգնած՝ ցույց տալու համար, որ Տուվալուն «խորտակվում է»:
Տուվալուի համար եւս մեկ կարեւոր հարց է ձկնորսությունը: Այս ոլորտում Չինաստանը փորձում է հնարավորինս շատ համաձայնագրեր կնքել խաղաղօվկիանոսյան կղզիների հետ: Վաշինգտոնն էլ հայտարարում է, որ շուտով կհայտարարի տարածաշրջանում անօրինական ձկնորսության դեմ պայքարի միջոցների մասին: