Մասկը պատահականության սկզբունքով կստուգի թվիթերյան 100 օգտահաշիվ

Մասկը պատահականության սկզբունքով կստուգի թվիթերյան 100 օգտահաշիվ

Միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել է, որ իր թիմը կստուգի թվիթերյան 100 պատահական օգտահաշիվ՝ պարզելու, թե արդյոք դրանք կեղծ են, գրում է ՏԱՍՍ-ը: 

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր Twitter սոցիալական ցանցը 44 մլրդ դոլարով գնման գործարքի կասեցման մասին՝ սպասելով տվյալների ստուգմանը, որ կեղծ օգտահաշիվները կազմում են օգտատերերի 5%-ից պակասը։

«Դա պարզելու համար իմ թիմը պատահականության սկզբունքով կստուգի Twitter-ի 100  օգտատիրոջ»,- գրել է Մասկը Twitter-ում՝ առաջարկելով «մյուսներն անել նույնը»: Նախկինում նա հայտարարել էր սոցցանցում սպամ օգտահաշիվների դեմ պայքարելու իր մտադրության մասին։

Ապրիլի 25-ին Twitter-ի ղեկավարությունը հայտարարեց, որ Մասկը ձեռք կբերի ընկերությունը 44 միլիարդ դոլարով: Ըստ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի, եթե միլիարդատերը որոշի խզել պայմանագիրը, նա պետք է ընկերությանը վճարի 1 միլիարդ դոլար տուգանք: Եթե Twitter-ը նախաձեռնի խզում, փոխհատուցումը կստանա Մասկը։ Գործարքի փակման ժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 24-ը: