ՀՀ–ում թոշակի բարձրացման պատճառով մարդիկ զրկվել են նպաստից․ նախարարությունը պարզաբանում է

ՀՀ–ում թոշակի բարձրացման պատճառով մարդիկ զրկվել են նպաստից․ նախարարությունը պարզաբանում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել թոշակի բարձրացման հետևանքով մի խումբ քաղաքացիների անապահովության նպաստից զրկվելու առնչությամբ։

«Ի պատասխան Ձեր հարցադրումների՝ տեղեկացնում ենք, որ պայմանավորված եկամտի ավելացմամբ (օրինակ՝ աշխատավարձ, կենսաթոշակ կամ ամսական պարբերականությամբ վճարվող որևէ այլ եկամուտ) քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից․ ընթացակարգը նոր չէ, գործում է համակարգի ներդրման պահից։

Անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող ընտանեկան/սոցիալական նպաստը երաշխավորված աջակցություն չէ, այն ընտանիքի եկամուտների հիմքով տրվող աջակցություն է՝ ի տարբերություն օրինակ կենսաթոշակների։

Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին (ամսական՝ 18 հազար դրամ):

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ընտանիքը կարող է չստանալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ, բայց կարող է շարունակել օգտվել այլ աջակցություններից։ Այս դեպքում, կենսաթոշակի բարձրացման հիմքով անապահովության գնահատման համակարգից դուրս մնացած ընտանիքները կշարունակեն օգտվել կոմունալ զեղչերից (նվազ սակագներ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց)․ վերոնշյալ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե «28.01» և ավելի միավոր, այլ՝ «20.01» և ավելի միավոր, իսկ կենսաթոշակի չափի բարձրացումը միավորի կտրուկ փոփոխություն չի բերել։

Այս պահին ընտանեկան/սոցիալական նպաստ է ստանում շուրջ 72500 ընտանիք․ անապահովության գնահատման նոր համակարգի ներդման ուղղությամբ նախարարության կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում»։