Մոսկվայի կոշտ արձագանքից հետևում է՝ ՀՀ ԱԳՆ-ն իր տնային աշխատանքը չի կատարել. Մամիջանյան

Մոսկվայի կոշտ արձագանքից հետևում է՝ ՀՀ ԱԳՆ-ն իր տնային աշխատանքը չի կատարել. Մամիջանյան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ղարաբաղյան կարգավորման գործընթացին, այսօր հայտարարել է, որ «Հայաստանը տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում»։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Լավրովի այս հայտարարությունը եւս մեկ անգամ վերահաստատում է այն աբսուրդային, կեղծ քարոզչական թեզն առ այն, թե Փաշինյանը չի հանձնել հողերը, դա եղել է մինչեւ իրեն։

«Բոլոր այն երկրները, որոնք երբեւէ հանդգնել են իրենց տարածքը դարձնել աշխարհաքաղաքական, ուժային կենտրոնների բախման կետ, շատ վատ ավարտ են ունեցել։ Ես խոսում են Հայաստանի այսօրվա իրավիճակի մասին»,-նշեց նա։ 

Եվրամիության առաքելության գալը Հայաստան եւ դրա երկարատեւ տեղակայումը մեր երկրում Մոսկվայի կողմից կոշտ գնահատականի արժանացավ։ ՌԴ ԱԳՆ-ն անմիջապես արձագանքեց․

«ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կցորդի վերածված եւ ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան եւ սրել առկա հակասությունները»։ 

ԵՄ դիտորդական առաքելության Հայաստան գալու պաշտոնական Մոսկվայի կոշտ արձագանքը Մամիջանյանն այսպես է պարզաբանում։ «Մոսկվայի այսպիսի արձագանքից հետեւում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր տնային աշխատանքը չի կատարել ու մեր ռազմավարական դաշնակցին չի կոմունիկացրել այն գործընթացը, որը տեղի է ունենում ԵՄ դիտորդների շուրջ։ Քո դաշնակցի հետ պիտի լինես անկեղծ եւ շիտակ, ինչը չի արվում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների մասին հնչող «աննախադեպ» եւ այլ հիմար ձեւակերպումներին, ապա բավական է նշել, որ ավելի քան 30-ամյա պատմության ընթացքում այս ամռանն առաջին անգամ պաշտոնական Մոսկվան բողոքի նոտա հղեց պաշտոնական Երեւանին։

«Կարծում եմ՝ սա լավագույնս նկարագրում է հայ-ռուսական հարաբերություննների առկա իրավիճակը»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների կտրուկ ակտիվացմանն ու, մասնավորապես, ՌԴ-ի հասցեին ուղիղ մեղադրանքներին։ 

Ի դեպ՝ փետրվարի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Լիա Սարգսյան