Ովքե՞ր են Արցախում խժդժություններ հրահրում

Ովքե՞ր են Արցախում խժդժություններ հրահրում

Արցախը վաղը նախագահ կընտրի։ ԱԺ նիստին ընդառաջ քաղաքական ուժերն արցախցիներին կոչ են անում որևէ սադրանքի չտրվել ու չմասնակցել այն «խժդժություններին», որոնք կարող են հրահրել տարբեր ուժերից «սնվող» քաղաքական ֆիգուրները։

Ի՞նչ է այս պահին սպասում Արցախի ընդդիմությունը, արդյո՞ք վիճակը կարող է լարվել․ MediaHub.am-ը հարցի պատասխանը պարզեց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների կողմից կառավարվող ուժերն են այդ ֆոնը ստեղծել, թե իբր վիճակը կարող է լարվել։ Որոշակի ուժեր, որոնց անունները Հակոբյանը չցանկացավ տալ, բացահայտ հայտարարում են, որ պետք է ցույցեր անել ընդդեմ չորս ուժերի առաջադրած միասնական թեկնածու Սամվել Շահրամանյանի։ 

«Այդ մարդիկ հայտարարում են, որ իրենց կարծիքը կիսողների թիվը մեծ է, սակայն, երբ արցախցիներին հարց ենք տալիս, թե ո՞վ է մասնակցելու այդ ցույցերին, ոչ ոք դրական արձագանք չի տալիս։ Արցախցին էլ է լավ հասկանում, որ այս պահին խժդժություններ հրահրելու ժամանակը չէ»,- նշեց նա։
Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ Արցախում այժմ կան ուժեր, որոնք որդեգրել են Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի քաղաքականությունը։ 

«Ինչպես Փաշինյանն էր ասում ՝ կա՛մ ես պիտի լինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, այնպես էլ այստեղ են նման հայտարարություններ հնչում։ Դա նույն քաղաքականությունն է, սակայն Արցախում չի կարող աշխատել հիմա»,- նկատեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այս պահին բացառված չէ, որ Արցախում կարող են որոշակի լարումներ լինել, բայց դրա հավանականությունն էլ շատ ցածր է։

Նարե Գնունի