Հայաստանի իշխանությունը զբաղվում է քաղաքական արկածախնդրությամբ

Հայաստանի իշխանությունը զբաղվում է քաղաքական արկածախնդրությամբ

Ռուսաստան - Թուրքիա հարաբերությունները գտնվում են հակասական բևեռվածության վրա. կան շահեր և կան անհաղթելի հակադիր շահեր, որոնք երբեմն գալիս են օրակարգ, ստվերելով այն ջերմ հարաբերությունները, որոնք ձևավորվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Ռուսաստանը և Թուրքիան ունեն յուրահատուկ հարաբերություններ: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան կարողանում է Ռուսաստանի հետ որոշակի շփման ուղիներ պահպանել։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանը և Թուրքիան առիթի դեպքում չեն փորձելու միմյանց խոցելի խնդիրները ավելի խորացնել»,-շեշտեց նա։

Անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածության աստիճանի ավելացմանը, Մելքոնյանը նշեց. “Ինչքան էլ Ռուսաստանից Հայաստանի սպասելիքները չեն իրականանում, Ռուսաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում ազդեցիկ երկիր”:

Մելքոնյանի խոսքով, Թուրքիան Ռուսաստանի համար խոչընդոտներ ստեղծելու, Ռուսաստանին քաղաքական դիսկոմֆորտ պատճառելու համար կարող է օգտագործել հայկական խաղաքարտը և այն կարող է դրսևորվել այս տարածաշրջանում ագրեսիայի, պատերազմական գործողությունների միջոցով։

«Այն, ինչով զբաղվում է Հայաստանի իշխանությունն այս պահին, կարելի է անվանել մեկ բառով՝ քաղաքական արկածախնդրություն։ Իրենց հայտարարությունները և քննադատությունները կարող են ավելի լրջացնել այն առկա սպառնալիքները, որ կան Հայաստանի և Արցախի շուրջ»,-եզրափակեց Մելքոնյանը։

Մարիաննա Արամյան