Իշխող ուժը ո՞վ է, որ երաշիքներ տա, իրենք ոչինչ են, Հայաստանի կարգավիճակը հավասարեցներել են ոչնչի 

Իշխող ուժը ո՞վ է, որ երաշիքներ տա, իրենք ոչինչ են, Հայաստանի կարգավիճակը հավասարեցներել են ոչնչի 

Ռուսաստանի տարածքում Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածության մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունից 5 օր անց Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են ոչ թե Մոսկվայի միջնորդությամբ, այլ՝ Վաշինգտոնի։ 

Բլինքենի մասնակցությամբ Վաշինգտոնում նախօրեին մեկնարկած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ըստ շրջանառվող լուրերի, կընթանա մի քանի օր։ 

Ինչո՞ւ է Հայաստանի  իշխանությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման համար նախընտրելի համարել արեւմտյան հարթակը, երբ արդեն պայմանավորվածություն կար ռուսական կողմի հետ։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ այս քայլով Հայաստանի իշխանությունը նպաստում է ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու քաղաքականությանը, եւ ընտրում այն անձանց կամ երկրներին, ովքեր կերաշխավորեն իրենց իշխանության անվտանգությունը։ 

«Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ներթափանցել Հարավային Կովկաս եւ Ռուսատանին դուրս թողնել տարածաշրջանից, իսկ Ռուսաստանին պետք է հակառակը։ Այդ տրամաբանության մեջ, երբ գնացել են Վաշինգտոն, ուրեմն Հայաստանը համաձայնվել է Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականությանը։ Հարցն այն, թե ով ինչ է առաջարկում Հայաստանին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։ 

Ըստ քաղաքագետի՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակով Հայաստանը պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում եւ թեման փակվի, իսկ Ռուսաստանին պետք է, որ դա տեղի չունենա, որպեսզի  մնա տարածաշրջանում։ Դանիլյանի գնահատմամբ, եթե Հայաստանը գնում է Վաշինգտոն՝ նշանակում է աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն է տեղի ունենում Հայաստանի կառավարության կողմից։ 

-Նիկոլ Փաշինանն, արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկին, հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել այն։ Ի՞նչ քաղաքականություն է վարում իշխող ուժը, երբ մի կողմից ասում է, որ ընդունում է Ռուսաստանին, մյուս կողմից  նպաստում է, որ ՌԴ-ն դուրս մղվի տարածաշրջանից։ 

-Ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանին՝ Արցախում եւ Հարավային Կովկասում մնալու համար պետք է Արցախի հարցը լինի առկախված։ Պրահայում, ստորագրելով համապատասխան փաստաթուղթը, Հայաստանի կառավարությունը միացավ արեւմտյան տարբերակին՝ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչի մասին գործող վարչապետը ԱԺ-ում պաշտոնապես մի քանի անգամ հայտարարեց։ Ըստ այդմ՝ Ռուսաստանը վերջնականապես եւ ամբողջովին պետք է լքի Հարավային Կովկասը, ինչին դեմ է նաեւ Իրանը։ Երբ Զախարովան ասում էր՝ գնդակը Հայաստանի դաշտում է, ասում էր՝ ընտրե՛ք։ Հայաստանի կառավարությունը՝ առանց ժողովրդին հարցնելու ընտրել է Վաշինգտոնյան տարբերակը։ Սա է ամբողջ խնդիրը։

 -«Խաղաղության պայմանագիր» ասվածի անվանումը փոխվել է, հիմա կոչվում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնութուն»։ Պայմանագրի անվանումը ինչո՞ւ է փոխվել, ըստ Ձեզ։ 

-Որովհետեւ «Խաղաղության պայմանագիրը» ոչինչ չասող անվանում է, որը նշանակում է՝ խաղաղություն, ըստ երեւույթին՝ վերջնական հարցերը չլուծելով։ Մնացած հարցերը, օրինակ՝ Արցախի հարցը մնում է առկախված։ Եթե « հարաբերությունների կարգավորում» է, ուրեմն բոլոր հարցերի պատասխանները տրվում է, այդ թվում՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։

-Իշխող ուժը երաշխիքներ չի տալիս, որ պայմանագրի կամ համաձայնագրի կնքումից հետո ադրբեջանական զինուժը սահմանին առաջ չի գա եւ, ըստ էության, խաղաղություն կլինի։ 

-Իշխող ուժը ո՞վ է, որ երաշխիքներ տա, իրենք ոչինչ են, Հայաստանի կարգավիճակը հավասարեցրել են ոչնչի։ Իրենք անգամ իրենց անձնական անվտանգությունը չեն կարող երաշխավորել, եւ դրա համար իրենց շրջապատել են ոստիկաններով։ Իրենք աշխարհքաղաքական ընտրություն են կատարում, տեսնելով՝ ովքեր են երաշխիք տալիս իրենց իշխանությանը եւ ըստ այդմ ընտրում են։ 

Լիա Սարգսյան