Իշխանությունների ցանկությունը դեռ բավարար չէ, որ Արցախը թողնվի Ադրբեջանի վերահսկողությանը․ Արթուր Աղաբեկյան

Իշխանությունների ցանկությունը դեռ բավարար չէ, որ Արցախը թողնվի Ադրբեջանի վերահսկողությանը․ Արթուր Աղաբեկյան

Ոչ մի իշխանություն չի կարող և իրավունք չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով Արցախը թշնամու վերահսկողության տակ թողնել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը։ 

Նա կրկնեց՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների ցանկությունը բավարար չէ Արցախին նման ճակատագրի արժանացնելու.

«Պետք է պայքարել, պայքարի ամեն ճանապարհ այս պահին ընդունելի է։ Թեկուզ կարելի է ընտրել "проба ошибок" տարբերակը։ Արցախցին պետք է ցանկացած ճանապարհով գնա՝ իրեն ու իր ինքնությունը պահելու համար»,- ասաց Աղաբեկյանը։ 

Դիտարկմանը, որ Արցախի իշխանությունն այս պահին Հայաստանում է, եկել է բարձրացնելու արցախցու ձայնը, արդյո՞ք պետք է շոշափելի արդյունք սպասել, և արդյո՞ք սա ևս այդ պայքարի ձևերից է, Արթուր Աղաբեկյանն արձագանքեց՝ արցախցիներն այդ հանդիպումներից ոչ մի բան չպետք է ակնկալեն և չպետք է սպասումներ ունենան.

«Հիմա պետք է գործել ավագ սերնդի օրինակով. ինչ եղավ 1988-92 թվականներին, նույնը պետք է հիմա արվի»,- նշեց նա։ Հարցին, թե արդյո՞ք ուշացած չի լինի պայքարը, եթե հաշվի առնենք, որ հայտարարվել է՝ խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ պետք է կյանքի կոչվի, Արթուր Աղաբեկյանը պատասխանեց․ 

«Երբեք ուշ չէ։ Նման մի որոշում էլ 1920-ականներին էր եղել, արցախցին հո չհաշտվե՞ց այդ որոշմանը։ Նա շարունակեց պայքարը։ Հիմա էլ պետք է ուղղակի պայքարել ու վերջ»։ 

Հարցին, իսկ Արցախում տրամադրություններն ինչպիսի՞ն են այժմ, ինչո՞ւ մեծամասշտաբ ակցիաներ չեն իրականացվում, Աղաբեկյանը պատասխանեց՝ եթե անգամ չկա, ապա առաջանլու է պայքարի ոգի.

«Էլի անցած տասնամյակների փորձը դա է հուշում»,- նշեց Աղաբեկյանը, ապա հավելեց՝ պետք է պայքարել ու թույլ չտալ, որ ՀՀ իշխանությունը գրչի մեկ հարվածով Արցախը զիջի թշնամուն։ 

Նարե Գնունի