Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը. ԱՄՆ պետքարտուղար

Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, դրանք էական նշանակություն ունեն տարածաշրջանի բարեկեցության համար: Այս մասին Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ նշելով. «Նաև աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Ճանաչում ենք այդ երկրի աճող նշանակությունը՝ որպես էներգիայի մատակարար և տրանսպորտային հանգույց»:
Ռուբիոյի ուղերձում նաև ասված է, որ ԱՄՆ-Ադրբեջան գործընկերությունը շարունակվում է անվտանգության, էներգետիկ գործակցության և տնտեսության ոլորտներում։
«Վաշինգտոնը հավատարիմ է Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ մամուլի ազատության պաշտպանությանը՝ այդ երկրի սահմանադրությանը համապատասխան։ Ակնկալում ենք խորացնել մեր գործակցությունը և միասին աշխատել՝ ապահովելու խաղաղ, բարեկեցիկ ապագա Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար»,-նշել է պետքարտուղարը: