Անդրանիկ Քոչարյանի վտանգավոր ուղերձը

Անդրանիկ Քոչարյանի վտանգավոր ուղերձը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ով իր տարօրինակ հայտարարություններով «Հռոմի պապից ավելի կաթոլիկ», այս պարագայում՝ Փաշինյանից ավելի Փաշինյան է ձևանում։

Ինչո՞ւ է Քոչարյանը արցախցիներից «մահապարտ» կերտում

Եվ այսպես, Անդրանիկ Քոչարյանը հյուրընկալվում է իշխանամետ կայքերից մեկի եթերում ասում է, որ «մենք պետք է միակամ լինենք, սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»:

Անդրանիկ Քոչարյանի ուղերձը հասցեագրված է հումանիտար աղետի շեմին հայտնված արցախցիներին։ Քոչարյանի այս ցինիկ հայտարարությունը բուռն քննարկումների առիթ տվեց սոցիալական ցանցերում․ գրեթե բոլորը քննադատում ու ծաղրում էին հանձնաժողովի ինքնահավան նախագահին։

«Ես ասել եմ, որ պետք է ցանկացած իրավիճակում կարողանանք ապրել, ապրելով ստեղծագործել, ստեղծագործելով դուրս գալ մեկ այլ մակարդակի վրա, էնքան պարզ եմ ասել»,- հետգրության կարգով Քոչարյանը փորձեց «խմբագրել» իրեն, բայց ակնհայտորեն դա նրա մոտ չստացվեց։

Բոլորը գիտեն, թե այս պատգամավորն ինչպիսի «բծախնդրությամբ» է վերաբերում իր կոմֆորտին՝ հանուն դրա զոհաբերով սկզբունքներ, արժեքներ։

Իսկ ինչո՞ւ է Քոչարյանն արցախցիների համար ստեղծում «մահապարտի» կեցվածք։ Քաղաքագետներից մեկը դիպուկ է նկատել՝ ելքի պատկերացում  և գործնական որևէ քայլ չունենալով՝ իշխանությունը փորձ է անում  «պատմական արդարացման» հող նախապատրաստել, որ «դե, մարդիկ չդիմացան, ի՞նչ անեինք»։

Իշխանության «ծաղրածուն»

Անդրանիկ Քոչարյանն ինքնակամ է ընտրել իշխանության «ծաղրածուի» դերը, որովհետև Նիկոլ Փաշինյանին ծառայելը դարձել է նրա կենսակերպը։ Ոչինչ չի մոռացվելու, որևէ մեկը չի մոռացվելու, նաև՝ Անդրանիկ Քոչարյանը։

Վահրամ Բագրատյան