ՔՊ-ի «քարոզիչը»

ՔՊ-ի «քարոզիչը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է, ով բացառիկ ցինիզմով շարունակում է ծառայություններ մատուցել Փաշինյանին։

Ի՞նչ էր անում Պապիկյանը Վեդիում

Վեդի համայնքում ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, նախընտրական շտաբերի պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպմանը ներկա է եղել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Առողջապահության նախկին նախարար, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է տեղադրել և կոչ արել Վեդի համայնքի ընտրություններում քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը։
Ապշել կարելի է այս իշխանության վարքագծի, ցինիզմի վրա։ Արցախում հումանիտար աղետ է, հայ- ադրբեջանական սահմանին լարված վիճակ, իսկ Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը փոքր մի համայնքում զբաղված է ՔՊ-ի նախընտրական PR -ով։

ՔՊ-ի «լոլոները»

Այս իրավիճակի համար ՔՊ գործիչները դարձյալ ալիբի գտան՝ երեկվա ճեպազրույցում պնդելով, թե Սուրեն Պապիկյանը քաղաքական պաշտոնյա է ու հանդիսանում է նաև ՔՊ նախագահը։ Այս զուտ ֆորմալիստական պատասխանը կարող էր մի կերպ համոզիչ թվալ, եթե Հայաստանը չլիներ փաստացի պատերազմական ռեժիմում։ Այն իրավիճակում, երբ հայ- ադրբեջանական սահմանին սադրանքները պարբերական բնույթ են կրում, բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զինվորներ են սպանվում, ՊՆ նախարարը զբաղված պետք է լինի բացառապես անվտանգության, բանակի խնդիրներով։ Ավելին՝ ՊՆ նախարարը պետք է վեր լինի ներքաղաքական խնդիրներից ու կոնյուկտուրայից ու շարունակում ենք զարմանալ, որ Պապիկյանը համառորեն կառչած է մնում ՔՊ նախագահի պաշտոնից։

Վահրամ Բագրատյան