Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Քաղաքականություն

Որքա՞ն գումար է ծախսվել «Շնորհակալություն բժիշկ» միջոցառման վրա

Blog Image

Օրեր առաջ՝ հունիսի 21-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրիում մասնակցում էր բուժաշխատողների օրվան նվիրված միջոցառմանը։ Նախարարն իր սոցիալական էջում տեսանյութ էր հրապարակել Երևան-Գյումրի գնացքից, թե ինչպես են վայելում գնացքում DJ-ի կողմից հրամցվող երաժշտությունը, սառը շամպայնը և այլ վայելքներ, ու բոլորին հրավիրում էր միանալ տոնակատարությանը։ 

Եվ սա, բնականաբար, անարձագանք չմնաց։ 

Թե որքան գումար էր ծախսվել միջոցառման համար՝ նախարարության կողմից չհրապարակվեց, փոխարենը «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը տեղեկացրեց՝ «Շնորհակալություն բժիշկ» միջոցառման կազմակերպման համար «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի միջոցով՝ մեծ բժշկական կենտրոններից հավաքվել է 3 մլն դրամ, իսկ փոքրերից՝ 1 մլն դրամ։ Իսկ գումարի չափը, ըստ Պողոսյանի, հնարավոր է պայմանավորված լինի նախարարի կողմից տրված պետական պատվերների չափերից։  

Միջոցառումը կազմակերպվել է «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասակական կազմակերպության կողմից, որի նախագահն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ծառուկյանը։ Mediahub-ը նախ կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ՝ պարզելու համար, թե որքա՞ն է կազմել գումարի չափը, սակայն վերջինս նշեց, որ միջոցառման կազմակերպման գումարը նախարարությունը չի փոխանցել, այլ կազմակերպությունը։ 

Mediahub-ի հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի և զարգացման բաժնի պետ Քնարիկ Առաքելյանն էլ միջոցառման կազմակերպման համար տրամադրված ֆինանսի չափի հետ կապված հստակ տեղեկություն չփոխանցեց, հորդորելով գրավոր հարցում ուղարկել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչի՞ վրա է ծախսվել հավաքված գումարը, ասաց՝ կազմակերպչական աշխատանքների իրականացման՝ պարգևատրումներ, հաղորդավարներ, երաժիշտներ և այն։ 

Mediahub-ը կապ հաստատեց նաև «Նաիրի» ԲԿ մամուլի քարտուղարի հետ՝ ճշտելու համար՝ նրանք նույնպե՞ս մասնակցել են, թե ոչ, վերջինս նշեց․ ««Նաիրի» ԲԿ-ն ևս հրավիրված է եղել մասնակցելու միջոցառմանը։ ԲԿ-ն եղել է որպես հյուր»։

Էմմա Մարտիրոսյան

Send