Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վեհափառը չպետք է պատասխանի Փաշինյանի թիրախավորումներին. միակ ելքը հաշտեցումն է

Blog Image

Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել եկեղեցին, Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին, հայհոյում է սրբազաններին, հարցականի տակ դնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կուսակրոնությունը: Իսկ ի՞նչ պատասխան է ստացել Փաշինյանը։

Մինչ հանրությունը սոցցանցերում իր դժգոհությունն է հայտնում Փաշինյանի հայհոյանքներից և թիրախավորումներից, Մայր Աթոռը միայն մի քանի օր անց որոշեց պատասխանել Փաշինյանին։

«Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։

․․․Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։

Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության»,– նշված է եկեղեցու արձագանքում։

Արդյո՞ք եկեղեցու պատասխանը համարժեք էր, հատկապես, որ դրան հաւջորդած առավոտյան Փաշինյանը հերթական գրառումն արեց կաթողիկոսի և նրա հավանական զավակի մասին, ի՞նչ պետք է անի Մայր Աթոռը այս պարագայում․ MediaHub-ը այս և այլ հարցեր ուղղեց աստվածաբան, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանին։

«Եկեղեցին, ընդհանրապես, եթե խոսքը վերաբերվում է վեհափառին, չպետք է պատասխանի ոչ մի դեպքում, քանի որ ամենաթույլ բանը՝ դու քեզ փորձես արդարացնել։ Իսկ դրա փոխարեն պետք է խոսան բոլոր նրանք, ովքեր համարում են, որ անթույլատրելի ընթացք է եղել, անթույլատրելի իրավիճակ է առաջացել երկրում: Չմոռանանք, որ մեր երկիրը վաղուց դուրս է եկել մարտահրավերների իրավիճակից, մենք սպառնալիքների մեջ ենք, ամենավերջին բանն է, որ փորձենք խզում մտցնել հասարակության մեջ, և սա այն տարբերակն է, որ իրականում խզումը կառաջանա»,– նշեց Խաչատրյանը։

Հարցին, թե ի՞նչ է ցանկանում Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք ցանկանում է հեռվացնել ժողովրդին Հայ առաքելական եկեղեցուց, աստվածաբանը պատասխանեց, որ եկեղեցու դավանորդների հոտը միշտ ջախջախիչ առավելություն ունի մյուս բոլոր կրոնական դենոմինացիաների հանդեպ Հայաստանում, հետևորդները 80%-ից ավելի են, ուրիշ հարց է, որ իրենցից մի մասը թույլ հետևորդներ են կամ ուժեղ։

«Ում հարցնում ես, պատասխանում են, որ հայ քրիստոնյա են, այսինքն Հայ առաքելական եկեղեցու մասին է խոսքը։ Եկեղեցու արձագանքն այնքան էական չի, քանի որ եկեղեցին պետք է պաշտպանի այն անձնավորությանն, ով ղեկավարում է եկեղեցին: Հասարակական արձագանք պետք է լինի, այս վիճակում մնացել է միայն խզումը»,– նշեց նա։

Ըստ Խաչատրյանի՝ եկեղեցին և պետությունը պետք է միասնական լինեն, քանի որ եկեղեցին ավելի մեծ է, քան պետությունը, Սփյուռքի վրա նրա ունեցած ազդեցությունն աներևակայելի է, համեմատած մեր իշխանությունների հետ։

«Տեղեր կա, որ իշխանությունը տեղյակ չէ խնդիրներից և այլն, սակայն, եկեղեցին ունի կառույցներ. ինչի՞ մասին է խոսքը»,– ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե ո՞րն է այս հակամարտության վերջը, աստվածաբանը պատասխանեց՝ «հաշտեցում»։

Ճշտող հարցին՝ հաշտեցո՞ւմ պետության և եկեղեցու միջև, նշեց. «Այս հռետորաբանության իսպառ վերացում, լուրջ էլ չի, որ մեզ մոտ հռետորաբանությանն է հասնում գործը, իսկ ապագա սերունդների համար հիշատակ ու հիշողություն, որ այսպիսի բան չլինի. ի՞նչ է նշանակում՝ կրակի մեջ գտնվելու հավանականության գրեթե 90%–ն անցած վիճակում, մեկ էլ ներսում են հարցեր պարզում»։

Մարիաննա Արամյան

Send