Նախաստորագրած «Խաղաղության համաձայնագիրը», ըստ էության, կապիտուլյացիոն ակտ է, որով փորձ է արվում Հայաստանին զրկել այլ պետությունների կամ միավորների հետ արդյունավետ ռազմական դաշինքներ կնքելու հնարավորությունից ու դրանց ներուժն օգտագործելուց: Իհարկե, յուրաքանչյուր հոդվածը սկսում է «կողմերը…» բառով, բայց այն ընդամենը կապիտուլյացիոն ակտը մեղմելու վիզուալ նպատակ ունի, քանի որ գրեթե յուրաքանչյուր հոդված վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, թեկուզ և այն պարզ պատճառով, որ Ալիևը ի տարբերություն Փաշինյանի, գտնվում է շահեկան վիճակում ու երբ որևէ հոդված իրավական հավասար ուժ է ունենում երկու կողմերի վրա էլ, դա դեռևս փաստ չէ, որ ազդեցությունն էլ պետք է հավասարապես դրական լինի: Նույնիսկ հակառակը, միևնույն հոդվածը հավասարապես երկու կողմերի վրա էլ կիրառելու դեպքում հաճախ կարող է նրանցից մեկի վրա հաղթական հետևանքներ թողնել, մյուսին հանգեցնի կորուստների:
Այս պահին խախտված է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բալանսը, այլև դրանց զարգացման տենդենցները: Ադրբեջանը ավելացնում է ռազմական բյուջեն, հետևողականորեն զինվում է ու կատարում երկկողմ-եռակողմ զորավարժություններ, իսկ Հայաստանը ռազմական առումով չի անում ոչ մի քայլ, հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը գնում է բանակի թուլացմանն ու կազմալուծմանը:
Ակնհայտ է, որ ուժերի նման հարաբերակցության պարագայում ու հնարավոր էսկալացիայի դեպքում Հայաստանը միայնակ չի կարող երկարատև դիմադրություն ցույց տալ, սակայն այս կապիտուլյացիոն ակտով, որը անվանվում է «Խաղաղության համաձայնագիր», Հայաստանը պարտավորվում է հայ-ադրբեջանական սահմանին որևէ երրորդ կողմի ուժեր չտեղակայել։ Իհարկե, տեսականորեն այդ հոդվածը տարածվում է նաև Ադրբեջանի նկատմամբ, բայց էլի եմ շեշտում՝ Ալիևը ներկա փուլում ու զարգացման նման հեռանկարներով, այդ խնդիրը չունի ու իր առջև դրված նպատակները կարող է լուծել միայնակ։
Բացի այդ, այս հոդվածը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության բնական դաշնակիցներին ու Հայաստանը զրկվում է մանևրելու որևէ հնարավորությունից։
Մյուս հոդվածով Հայաստանը զրկվում է որևէ ազգային երազանք ունենալուց ու դրան հետամուտ լինելուց, ավելին՝ նման երազանք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ենթարկվել քրեական հետապնդման։ Այդ հոդվածը սահմանում է, որ կողմերը կպայքարեն անջատողականության ու դրա նախապատրաստման դեմ։ Այս հոդվածով Արցախի հարցը բարձրացնող ցանկացած մարդ կհամարվի անջատողական ու ահաբեկիչ։ Արցախի մասին ասված ցանկացած բառ կարող է դիտվել որպես անջատողականության նախապատրաստում։ Հատկանշական է, որ այս հոդվածը ներքաղաքական գործիք է դառնում նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Այսուհետ ազգային արժեքներից, պատմությունից, հաղթանակած էջերից, հայրենիքից խոսելը դառնում է քրեորեն հետապնդելի արարք, ու ընդդիմության խոսույթը փորձ է արվում տեղավորել միայն ասֆալտի որակը քննադատելու թույլատրելիության շրջանակներում։
Իհարկե, կրկին հոդվածը սկսվում է «կողմերը…» բառով, բայց ակնհայտ է, որ այդ հոդվածի նպատակը Արցախի հարցը վերջնականապես փակելն է ու այդ հարցի բարձրաձայնումը քրեականացնելը։ Զուգահեռներ է տարվում, որ դրանով Ադրբեջանը զրկվում է «Արևմտյան Ադրբեջանի» շահարկումից, բայց նախ՝ «Արևմտյան Ադրբեջանը» համեմատության ոչ մի աղերս չունի Արցախի հետ, բացի այդ, Ալիևը այդ հարցի լուծման այլ տարբերակ ունի։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց է տվել իր համաձայնությունը ավելի քան 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու առումով։
Սակայն կա մի հոդված, որը դամոկլյան սրի նման կախվելու է ՀՀ յուրաքաչնյուր քաղաքացու գլխին, դա հոդված IX-ն է։
Այդ հոդվածը սահմանում է, որ «Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»։
Ալիևը կարող է անհետ կորած յուրաքանչյուր ադրբեջանցու դեպքը տեղավորել «բռնի անհետացումների» շրջանակում ու պահանջել «արդարադատության իրականացում»։ Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմի յուրաքանչյուր մասնակից, լինի շարքային, թե հրամանատար, ՀՀ ազգային հերոս, շքանշանակիր, ՀՀ ցանկացած քաղաքական գործիչ, որն ուղղակի կամ անուղղակի մասնակցություն է ունեցել մեր ազգային ազատագրական պայքարին, ՀՀ նախկին նախագահները կարող են, ըստ Ալիևի ու Փաշինյանի նպատակահարմարության, անցնեն այդ «մեղադրանքով» ու դառնան «պատերազմի հանցագործ»։
Կարեն Կարապետյան