Շատ հաճախ հենց ընդդիմադիր շրջանակներից հնչում են գնահատականներ, որ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը ստացավ վերարտադրվելու երաշխիքներ։ Նման մոտեցումը քաղաքականապես սխալ է մի քանի պատճառներով։
Նախ՝ Վաշինգտոնում ոչ թե ստորագրվել, այլ նախաստորագրվել է «խաղաղության համաձայնագիրը», իսկ նախաստորագրումը ինքնին չի բերում վերջնական ստորագրման։ Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը կարող է ստանալ ընդամենը վերարտադրվելու հնարավորություն, բայց ոչ երբեք երաշխիք։
Մենք ընտրություններում հաճախ գերագնահատում ենք արտաքին ուժերի ազդեցությունն ու դրանց միջամտության դերը։ Իհարկե, դրանք կարող են որոշակի նախադրյալներ ու պայմաններ ստեղծել, տրամադրություններ գեներացնել, ինչպես 2018 թվականին, բայց երբեք չեն կարող երաշխավոված վերջնարդյունք ապահովել։ Այս կամ այն ուժին ընտրվելու երաշխիքներ տալիս է միայն ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին, հաղթանակն ապահովում են միայն արկղում առկա քվեները։
Բացի այդ, երբ քաղաքական գործիչը կամ միավորը խոսում է Նիկոլ Փաշինյանի երաշխավորված վերարտադրվելու մասին, դրանով մարգինալացնում է իրեն, դուրս դնում քաղաքական գործընթացներից (երբեմն փորձում ապահովագրվել՝ հնարավոր ֆիասկոյի դեպքում մեղքը բարդելով որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի վրա)։
Հաջորդ կոպիտ սխալն այն է, որ նման գնահատականը նախատրամադրվածություն է առաջացնում ընտրողների մոտ, ընդդիմադիր ընտրազանգվածին բերում հուսահատության, ստեղծում պատրանք, որ ամեն ինչ արդեն որոշված է, իր մասնակցությունը ոչինչ չի փոխի ու վերջնարդյունքում նրանք, որոնք կարող էին Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, պարզապես մնում են տանը։
Իսկ Նիկոլ Փաշինյանի հավատավոր ագրեսիվ փոքրամասնությունը մի մարդու պես գնում է ընտրության, ապահովելով նրա հաղթանակը։ Ու այստեղ բախվում ենք քաղաքական պարզ իրողության. հաղթում է ոչ թե իշխանությունը, այլ պարտվում՝ ընդդիմությունը։
Վաշինգտոնյան հանդիպումը ներքաղաքական կյանքում ու հերթական կամ արտահերթ ընտրություններում կարող է որոշիչ դառնալ՝ կախված քաղաքական միավորների գործողությունների արդյունավետությունից։ Ընդդիմադիր հատվածը ոչ թե պետք է հոռետեսական համոզմունքներ հայտնի Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու մասին, դրանով ակամա ջուր լցնելով հենց վերջինիս ջրաղացին, այլ ակտիվ քարոզչություն ծավալի, հաճախ էլ հենց հակաքարոզչություն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այո, բառերից պետք չէ խուսափել ու չօգտագործել երբեմն ոչ տեղին արտահայտություններ, որոնք կարող են կեղծ հնչել։ Օրինակ՝ երբ չափազանց հաճախ է օգտագործվում, որ մեր պայքարի հիմքում «հանունն է…», այլ ոչ «դեմը…», դա կարող է կեղծ բարեպաշտի տպավորություն թողնել, իսկ կեղծիքը, ի դժբախտություն քաղաքական որոշ անտեղյակ գործիչների, շուտ է «ջրի երես դուրս գալիս»։
Յուրաքանչյուր արտահայտություն պետք է օգտագործել տեղին ու ըստ նպատակի ու նաև պետք է պարզորոշ ասել, որ շատ դեպքերում պայքարն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության՝ հոմանիշներ են։
Ընդդիմությունը պետք է օր ու գիշեր հանրությանը ցույց տա նախաստորագրված «խաղաղության համաձայնագրի» բոլոր խոցելի կողմերը, վերջնական ընդունման դեպքում՝ դրանց հետևանքները ու նաև համադրելով Փաշինյանի նախկինում ու այսօր արված հայտարարությունները ապացուցի, որ նրա միակ մոտիվացիան վերընտրվելն է, հանուն ինչի, նա գնում է ոչ միայն ազգային ու պետական արժեքներն ուրանալուն, այլ նաև օրենքների ոտնահարման։
Կարեն Կարապետյան