Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են, 700 մետրի վրա

Ադրբեջանի քաղաքականությունն ամբողջությամբ նույնն է թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ։ Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ Արցախի նկատմամբ առավել շատ էր ցուցադրվող ագրեսիվությունը, Հայաստանի դեպքում այդ ագրեսիվությունը չի ցուցադրվում։ «Հիմա ինչ անում են Հայաստանի նկատմամբ, նույնն է, ինչ արվում էր Արցախում՝ 2020-ին։ Կրակոցներով մարդկանց չէին թողնում իրենց վարելահողերն օգտագործել, արոտավայրեր տանել անասուններին։ Ադրբեջանի նախագահի մակարդակով ահաբեկումներ էին հնչում։ Հիմա Վայոց ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում մենք ունենք նույնը․ եկել ու մոտեցել են մեր գյուղերին ու բնակավայրերին։ Ցանկացած ադրբեջանական ներկայություն մեր որևէ գյուղի հարևանությամբ խաթարում է մարդկանց կյանքը»,- նշեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ օրինակ Ներքին Հանդը երեք կողմից շրջափակված է ադրբեջանցիներով։ «25 զինված դիրք միայն Ներքին Հանդի շուրջ է։ Այս դիրքերից մի քանիսից են սպանվել մեր չորս զինծառայողները՝ փետրվարին։ Տեսնում ենք, որ այդ ադրբեջանական դիրքերից շատերը ՀՀ տարածքում են։ Մենք ունենք ադրբեջանական զինված դիրք, որը մինչև երկու կմ և ավելի ՀՀ ներսում է գտնվում, այսինքն՝ դեպի մեր երկրի խորքը»,- ասաց Թաթոյանը։

Նա նկատեց՝ գյուղի դպրոցը, ակումբը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։ «Դպրոցը 700 մետր է հեռու ադրբեջանական դիրքերից։ Եվ մեր երեխաներն ամեն օր այդ ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։