Պաշտոնյաներին և լրագրողներին գաղտնալսում են Նիկոլ Փաշինյանի հրահանգով կամ հովանավորչությամբ. «Փաստինֆո»

Պաշտոնյաներին և լրագրողներին գաղտնալսում են Նիկոլ Փաշինյանի հրահանգով կամ հովանավորչությամբ. «Փաստինֆո»

ՀՀ իշխանությունների գիտությամբ կամ հովանավորությամբ են իրականացվում ՀՀ քաղաքացիների, մասնավորապես հանրային գործիչների գաղտնալսումները։ Նման գնահատականի հիմքը դատախազությունից ստացված պատասխանն է, ըստ որի քննության առարկա չի դարձվել մի շարք հանրային գործիչների հեռախոսներում լրտեսական ծրագրեր հայտնաբերվելու մասին ահազանգը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին մի շարք քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ «Apple» ընկերությունից հաղորդագրություններ են ստացել առ այն, որ իրենց հեռախոսները ենթարկվել են պետական մակարդակով իրականացվող հաքերային հարձակման։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել է, որ հաքերային հարձակումն իրականացվել է պետական լրտեսական՝ «Pegasus» կամ «Predator» ծրագրերով։ Մեդիափորձագետն ահազանգել էր, որ իրենց հայտնի զոհերի ցանկը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք շատ լուրջ ազգային անվտանգության հետ կապված խնդրի հետ։

Ահազանգի հետքերով «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք վարույթ նախաձեռնվել է՝ պարզելու համար, թե որ պետության հատուկ ծառայություններն են թիրախավորում ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, պաշտոնատար անձանց, արդյո՞ք պարզվել է հաքերային հարձակման հետևանքով տուժած անձանց շրջանակը, քանի անձի մոտ է հայտնաբերվել կիբեռզենքի հետքերը, արդյո՞ք վարույթի շրջանակներում փորձաքննություններ նշանակվել են։

Պարզվում է, սակայն, իրավապահները որևէ կերպ «հետաքրքրված» չեն՝ պարզելու, թե ով է թիրախավորում ՀՀ քաղաքացիներին։ Ասել է թե՝ ՀՀ քաղաքացիներին ապօրինի գաղտնալսումը, իրավունքների սահմանափակումն իրականացվում է ՀՀ իշխանությունների կողմից, նրանց հրահանգով կամ առնվազն՝ հովանավորչությամբ։ Նման եզրահանգման կարելի է գալ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրությունից, որում նշված էր, որ նշված փաստերի կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնված չէ։