Բաց հակադրություն Ռուսաստանի հետ՝ առանց արտաքին աջակցության

Ռուսաստանի արտգործնախարարությունն երեկ բաց տեքստով և առանց դիվանագիտական ձևակերպումների զգուշացրել է Երևանին «չդառնալ աշխարհաքաղաքական խաղերի գերի»։
Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ պատրաստվել են փոխել արտաքին քաղաքական կուրսը՝ շրջադարձ անելով Ռուսաստանից դեպի Արևմուտք, պնդում է արտաքին գերատեսչության հայտարարությունը։
Արտգործնախարարությունը պնդել է, թե 44-օրյա պատերազմից հետո ստորագրված փաստաթղթից բացի եղել է «ջենթլմենական համաձայնություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու մասին, սակայն պաշտոնական Երևանը տեղի է տվել Արևմուտքի հորդորներին, ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»։
Նիկոլ Փաշինյանի ուղերձին ՌԴ ԱԳՆ ընդարձակ հայտարարության մանրամասներին անդրադառնալ չարժե. դրանում կան թե՛ օբյեկտիվ բաղադրիչներ և թե՛ շահարկումներ:
Փաստն է կարևոր՝ Մոսկվան ընդունել է Փաշինյանի «մարտահրավերը» ու ռուս- հայկական հարաբերություններն այլևս ոչ միայն բարեկամական չեն, այլ նույնիսկ անտագոնիստական են:
Փաշինյանն ինքը նախաձեռնեց բաց հակադրություն Ռուսաստանի հետ հարաբերություններում, ցավոք՝ չունենալով անգամ արտաքին աջակցության հույս:
Ցավն այն է, որ մեր ժողովուրդը դասեր չի քաղել իր պատմության 100-ամյա վաղեմության իրադարձություններից ու սրընթաց գնում է նոր աղետի:
Ամբողջ խնդիրն այն է, որ հայ-ռուսական անտագոնիզմը սպառնում է անվտանգային նոր մարտահրավերներով, ու Արցախի փաստացի կորուստը կարող է վերջինը չլինել:
Վահրամ Բագրատյան