Եվս մեկ խղճից զուրկը․ ո՞վ է Լիլի Մկրյանին կալանքի ուղարկած դատավորը

Երեք օր առաջ Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ «Սիներջի» ընկերության նախկին աշխատակից Անի Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Անի Գևորգյանը երկու անչափահաս երեխաների մայր է, և նրան կալանավորելու փաստը շատ քննադատվեց անգամ ընդդիմադիր շրջանակների կողմից, թե քննիչն ու դատարանը չպիտի նման անմարդկային քայլի գնային՝ հաշվի չառնելով որևէ մեղմացուցիչ հանգամանք։
Mediahub-ն անդրադարձել էր այս թեմային ու գրել, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը երկամսյա կալանքի ուղարկած դատավորը Մերի Մոսոյանն է, ով մինչ դատավոր դառնալը աշխատել է Ազգային ժողովում, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի նախագահության օրոք։ Բայց Անի Գևորգյանից բացի նույն գործի շրջանակներում կալանավորվել է ևս մեկ կին՝ Լիլի Մկրյանը, որը դարձյալ «Սիներջի» ընկերության աշխատակից է։ Լիլին իր խնամքին ունի մայրական կաթով կերակրվող երկու տարեկան երեխա, իրեն վերագրված մեղքը, որ իբրև թե օժանդակել է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության կատարմանը, չի ընդունում, բայց դատավորը, հաշվի չառնելով ոչ մի հանգամանք, նրան ուղարկել է 1 ամսվա կալանքի։
Լիլիին ճանաչողները մեզ ասացին, որ նա չափազանց համեստ ու կիրթ աղջիկ է, և հարազատներն ու մտերիմները ուղղակի ապշած են դատարանի այս որոշումից և այն մեղադրանքներից, որ առաջադրել են Լիլիին։ Մեզ ասացին նաև, որ Լիլին մտավորական ընտանիքի աղջիկ է, անվանի լեզվաբան Մկրտիչ Մկրյանի թոռն է, մայրը ևս լեզվաբան է ու դասավանդում է բուհերից մեկում։
Mediahub-ը պարզել է նաև, թե ով է Լիլի Մկրյանին կալանքի ուղարկած դատավորը։ Նա Սարգիս Դադոյանն է, որը նախկինում քննիչ է եղել, և ինչպես դատավոր Մերի Մոսոյանը, նա ևս դատավոր է դարձել բոլորովին վերջերս՝ 2022 թվականին։ Դադոյանի՝ առանց խղճի խայթի կամ նաև խղճով չառաջնորդվելով մարդկանց կալանքի տակ պահելու «բնավորությանը» Mediahub-ը մեկ անգամ արդեն անդրադարձել է։ Նա, հիշեցնենք, ակնհայտ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդման ենթարկվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորած դատավորն է։ Երկու տարի շարունակ Մամիկոն Ասլանյանին առանց հիմնավոր պատճառի, իսկ փաստաբանների պնդմամբ՝ բացարձակ ապօրինի կերպով այս երիտասարդ դատավորը պահում է կալանքի տակ։ Վերջին այդօրինակ որոշումը նա կայացրեց անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին, երբ Ասլանյանի որդին դատարանում նստած՝ սրտատրոփ սպասում էր, որ գոնե այս անգամ հորը ազատ կարձակեն, որովհետև չեն հասկանում, թե ինչում է նա մեղավոր՝ դեռ դատավճիռ չեղած, բայց Դադոյանը դարձյալ մնաց անդրդվելի։ Նրան չեն հետաքրքրում ոչ պաշտպանական կողմի բերած տասնյակ փաստարկները, թե ինչու չի կարելի մարդուն, որը մարդասպան, գող, ավազակ ու խուլիգան չէ, տարիներով պահել կալանքի տակ, ոչ էլ ամբաստանյալի ունեցած առողջական խնդիրները կամ բազմաթիվ այլ մեղմացուցիչ հանգամանքներ։ Վստահաբար Լիլի Մկրյանի դեպքում էլ նա առանց խղճի խայթ զգալու որևէ հանգամանք հաշվի չի առել, հատկապես այն, որ երիտասարդ կնոջ խնամքին մնացած երկու տարեկան անչափահաս երեխա կա։
Հիշեցնենք, որ ժամանակին Սահմանադրության մեջ, դատավորներին վերաբերող բաժնում կարծես այսպիսի կետ կար՝ դատավորը պարտավոր է առաջնորդվել Սահմանադրությամբ, օրենքներով, խղճով և համոզմունքով։ Հիմա՝ նոր Սահմանադրության 164-րդ հոդվածով 1-ին մասով ամրագրված է. «Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»: Այսինքն՝ խիղճն ու համոզմունքները հանել են։ Իսկ Դատական օրենսգրքում մատնանշված է միայն ներքին համոզմունքներով առաջնորդվելու մասը։
Սահմանադրության և օրենքների մասը թողնենք իրավաբաններին, համոզմունքը՝ դատավորին, իսկ այ խղճից ակնհայտորեն զուրկ են այսօրինակ որոշումներ կայացնող դատավորները՝ օգտվելով նաև Սահմանադրության ընձեռած հնարավորությունից։
Վահե Մակարյան