Մամիկոն Ասլանյան․ «աբիժնիկության» զոհն ու «ժողովրդավարության» քաղբանտարկյալը 

Մամիկոն Ասլանյան․ «աբիժնիկության» զոհն ու «ժողովրդավարության» քաղբանտարկյալը 

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին երկու տարի է՝ փաշինյանական ռեժիմը անազատության մեջ է պահում բացառապես մի բանի՝ ընտրություններին մասնակցելու և հաղթելու համար։ Մնացած բոլոր «իրավական» հիմնավորումները, որոնք աղերս անգամ չունեն իրավաբանության հետ, սին են ու դատարկ։ 

Մամիկոն Ասլանյանը դասական քաղբանտարկյալ է, որովհետև դատարանի որոշմամբ նրան կալանքի տակ պահում են միայն Նիկոլ Փաշինյանի չբավարարված ամբիցիաների և էժանագին վրեժխնդրության համար։ Ու որպեսզի այդ ամենը իրավաբանորեն, ասել է թե՝ «թղթերով կարգին լինի», Փաշինյանին առընթեր «տիկին դատախազությունը», որը իրավահաջորդն է նախորդ դատախազության, կարել է մի գործ, որում իրավական որևէ հիմք չկա, փոխարենը կա քաղաքական ակնհայտ դրդապատճառ՝ Ասլանյանը երկու տարի առաջ Վանաձորի ընտրություններում հաղթելու «հանդգնության» համար պետք է մնա կալանքի տա։ 

Ինչո՞ւ։ Որովհետև։ Իսկ ինչո՞ւ որովհետև, որովհետև երեկ Հակակոռուպցիոն դատարանում Ալսանյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքը գրավով կամ գոնե վարչական հսկողությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում Ասլանյանի փաստաբանի կողմից բերվեցին բոլոր իրավական, բարոյական և մարդկային հիմքերն ու փաստարկները, որ անգամ ամենաթույլ իրավական գիտելիքներ ունեցողը առնվազն ամոթից գոնե այս անգամ կբավարեր միջնորդությունը։ Բայց դատավոր Սարգիս Դադոյանը, որ դրանից առաջ մի քանի անգամ էլի անփոփոխ էր թողել «ամբաստանյալ» Ասլանյանի կալանքը, այս անգամ ևս մնաց իր հակաիրավական ու հակամարդկային ամպլուայի մեջ, որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Ասլանյանին «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում ՔՊ-ին հաղթելու համար։

Կարճ ասած, նա փաշինյանական «աբիժնիկության» զոհ է։ Մամիկոն Ասլանյանի պաշտպանական կողմի փաստարկներին անգամ դատախազ Հայկ Մովսիսյանը ամաչելով ու կմկմալով էր փորձում հակադարձել՝ չգտնելով բավարար հակափաստարկներ։ Երևի ինքն էլ էր գիտակցում, որ մաս է կազմում իրավաբանությունից հեռու մի գործըթնացի։

Դատավորի պատմուճան հագած Սարգիս Դադոյանն էլ, արտաքուստ «պուպսիկ» մի անձնավորություն, մեղմ ժպիտով, առերևույթ դրական ու բարեհաճ տրամադրված «ամբաստանյալի» հանդեպ, դեմքի՝ խելամիտ և խոհեմ արտահայտությամբ ուշադիր լսում էր, հարցեր տալիս, թվում էր՝ այս անգամ գոնե կազատի ինքն իրեն նիկոլական «արդարադատության» կապանքներից ու երկու տարի անց գոնե մեկ անգամ կվարվի եթե ոչ իր մասնագիտությունն ու պատմուճանը հարգող դատավորի, ապա գոնե իսկական տղամարդու պես՝ կալանքից կազատի երկու տարի անկհայտ քաղաքական քմահաճույքներով ապօրինի կալանքի տակ պահվող Մամիկոն Ասլանյանին։ Վերջինս ինքն էլ իր խոսքում ասաց, որ հոգնել է արդեն երկու տարի անիմաստ նստելուց, քանզի բոլորն էլ գիտեն, որ ինքը հանցագործ չէ, ու որ ինչ-որ հողերի հետ կապված հարցը իր վրա ընդամենը «կարել են»։ Հեգնեց նաև, որ ինքն էլ է ուզում օգտվել Նիկոլ Փաշինյանի հայտարարած «ժողովրդավարության բաստիոնի» բարիքներից։

Բայց Դադոյանը՝ առերևույթ կիրթ և կառուցողական մի տղամարդ, վարվեց ճիշտ այն «տղամարդու» պես, որի կատարած ավերիչ քաղաքականության արդյունքում այսօր մեկ այլ «կիրթ ու կառուցողական» երևույթ Բաքվում կալանքի տակ է պահում մեր հայրենակիցներին։

Զուգահեռները Բաքվի բանտում պահվող հայերի և Հայաստանի բանտերում պահվող քաղբանտարկյալների միջև պատահական չեն։ Երկու տեղում էլ կալանավորները նույն մարդկանց ու նույն կենտրոնից թելադրված քաղաքականության զոհեր են։ 

Երեկ մի քանի ժամ տևած դատական նիստից հետո այսօր թարմ ուղեղով դատարանի դահլիճ մտած դատավոր Դադոյանը սառնասրտորեն հրապարակեց նույն որոշումը, ինչ նախորդ անգամներն էր հրապարակել՝ առանց հիմնավորման մերժել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Ու գնաց՝ առանց խղճի խայթ զգալու, չնայած որ դատավորները պարտավոր են առաջնորդվել ոչ միայն Սահմանադրությամբ, օրենքներով ու Նիկոլ Փաշինյանի հրահանգներով, այլ նաև խղճով։ 

Տեսնել էր պետք հորը ազատության մեջ տեսնելու անկեղծ ցանկությամբ դատարանի դահլիճ եկած Մամիկոն Ասլանյանի որդու դեմքը, երբ լսեց դատավորի վերջին խոսքերը։ Կարելի է մաղթել, իհարկե, որ դատավոր Դադոյանի զավակներն էլ կյանքում երբևէ ունենան այն զգացողությունը, ինչ Մամիկոն Ասլանյանի որդու աչքերում է զգացվում, բայց Դադոյանի կենսագրության մեջ գրված է, որ նա ամուսնացած չէ։

Կարելի է, սակայն, «նիկոլական» մաղթանքներ չհղել նրան ու չնմանվել իրենց․ հուսանք, Դադոյանը մի օր կամուսնանա, զավակներ կունենա, և իր զավակները, անկախ իր հոր և հոր նմանների իրականացրած «արդարադատությունից», կապրեն իրապես ազատ և արդար երկրում։

Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու հերթական փորձը կկայանա մի քանի օր անց։ 

Վահե Մակարյան