Փաշինյանը «դաբրո» չի տվել, ՔՊ-ում նոն-ստոպ ռեժիմ է․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների համար ծանր ու աշխատանքային առումով դաժան օրեր են սպասվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ նոր նստաշրջանն արդեն սեպտեմբերի 12-ից մեկնարկում է, միևնույն ժամանակ, մինչև սեպտեմբերի 15-ը շարունակվելու է ավագանու ընտրությունների քարոզարշավը:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրներն են փոխանցում, այդ ընթացքում իշխանական պատգամավորների մեծմասնությունը աշխատելու է խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Մինչև երեկո՝ 18.00 խորհրդարանում են լինելու, նիստերին են մասնակցելու, իսկ նիստերից հետո շտապելու են միանալ իրենց թիմակիցներին՝ քարոզարշավի: Քարոզարշավից հետո էլ՝ երեկոյան ուշ ժամի, ՔՊ-ականները հավաքվելու են իրենց նախընտրական շտաբում՝ քննարկելու հաջորդ օրվա ծրագրերը: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում իրենց համար առաջնայինը լինելու է քարոզարշավը, ուստի նախատեսում են ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերն արագ-արագ սպառել, որպեսզի կենտրոնանան քարոզարշավի վրա: Կարելի է ասել, ՔՊ-ականների համար այս ընթացքում առաջնահերթությունները փոխվել են, անգամ ԱԺ նիստերն ու օրինագծերը էլ առաջնային չեն: Կյանքի ու մահու հարց է Երեւանի ավագանու ընտրություններն ու մայրաքաղաքում իշխանություն վերցնելը:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 17-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 13 կուսակցություն և մեկ դաշինք: Ըստ օրենսդրության, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 եւ այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
Հայաստանի պարագայում այս ցենզը, որպես կանոն, վերաբերում է կանանց: Ըստ այդմ, փորձենք հասկանալ, թե առաջին եռյակներում ընդգրկված կանայք ովքեր են: Նախ՝ փաստենք, որ 14 ուժերից միայն երկուսի ցուցակն են գլխավորում կանայք, այսինքն՝ միայն երկու ուժ է կնոջ տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում: Առաջին հերթին խոսքը վերաբերում է հաղթանակի համար պայքարող մի քանի հիմնական քաղաքական ուժերից մեկին՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը:
Մյուս առաջին համարը Նելլի Հարությունյանն է, որը գլխավորում է «Ուժը հայրենյաց» կուսակցությունը: Եվս երկու կուսակցության ցուցակում կանայք «լավագույն եռյակի» երկրորդ հորիզոնականում են՝ Ծովինար Կոստանյանը («Հանուն սոցիալական արդարության») և Մարինե Մալխասյանը («Ժողովրդավարական համախմբում»): Մնացյալ ուժերի ցուցակներում կանայք երրորդ համարն են. Ամալ յա Սարգսյան («Հայրենիքի ձայն»), Նուարդ Վարդանայն (ՔՊ), Լալա Մնեյան («Հաղթանակ»), Գեղեցիկ Նազարյան («Հայաստանի եվրոպական կուսակցություն»), Իզաբելլա Աբգարյան («Ազգային առաջընթաց»), Անի Խաչատրյան («Հանրապետություն»), Ադելինա Շահինյան («Արդար Հայաստան»), Էթերի Գրիգորյան («Միացյալ Հայաստան»), Սոնա Ղահրամանյան («Լուսավոր Հայաստան»), Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»):
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ Արցախում ամիսներ շարունակ շուրջ 120 հազար մարդ գտնվում է գերության մեջ, սովամահության շեմին, ՀՀ վարչապետն ու իր ընտանիքի անդամները շարունակում են փառատոններ ու տոնական տրամադրություն ցուցադրել: Շաբաթ-կիրակի օրերին վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Սյունիքի մարզում էր։
Մեզ ասացին՝ ի սկզբանե նախատեսված է եղել, որ նա պետք է մասնակցի միայն Բնունիս համայնքում հյուրատան բացմանը, որը կառուցվել է 44-օրյա պատերազմի հերոս Էդգար Մարգարյանի հիշատակին եւ կոչվում է «Էդգարի տուն», սակայն Հակոբյանը, տեղեկանալով, որ շաբաթ օրը Սիսիանում «Ֆեստիվառ» է լինելու, այդ միջոցառմանն էլ է մասնակցել։ Մարզից տեղեկացանք, որ նրան կառավարության անդամին վայել ընդունելության են արժանացրել` դիմավորել են մարզպետն ու կինը, ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը:
Վերջինս հետո խիստ զղջացել է, որ, ի տարբերություն մյուս դիմավորողների, Աննա Հակոբյանին ծաղիկներով չի դիմավորել: Ասել է, թե տեղյակ չի եղել, որ արարողակարգը նման բան է թույլ տալիս, թե չէ իր ծաղկեփունջն անգերազանցելի կլիներ։ Երեւանից Սիսիան է շտապել ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը, որ պատիվ տա տիկնոջը, եւ համերգից հետո նրան հրավիրել է իր աներոջը պատկանող «Խնձորի այգի» ռեստորան։
Կիրակի օրը` «Էդգարի տան» բացմանն էլ պակաս տոնական մթնոլորտ չի եղել: Մեզ պատմեցին, որ Բնունիսում զոհվածի զինծառայողի մայրը` Արսինե Սահակյանն է առաջարկել Աննային՝ պարել իրենց հետ։ Հակոբյանը գիշերել է Հալիձորի «Հարսնաձոր» հյուրանոցային համալիրում»:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, ոստիկանությունում կյանքի կոչվող բարեփոխումներում ակտիվ ներգրավված, այսպես կոչված, «սորոսական» թևը որոշ ժամանակ առաջ խիստ «խռոված» էր իշխանություններից և նույնիսկ նշյալ թեմայի շրջանակներում երբեմն «քլնգում» էր: Հիմա, կարծես, հանդարտվել են, չնայած, մեր տեղեկություններով, դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ իրենց ակնկալիքները դեռևս լրիվ մարած չեն համարում: Իսկ ակնկալիքները վերաբերում են ՆԳ նախարարի պաշտոնին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «սորոսականներն» այդ պաշտոնում ցանկանում են տեսնել Արփինե Սարգսյանին, որը դեռևս արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակ համարվում էր ոստիկանության բարեփոխումների «սորոսական խմբի» համակարգողը: Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանը «դաբրո» չի տվել այս թեկնածությանը՝ գտնելով, որ նրա ղեկավարությամբ բարեփոխումները լիարժեք չեն ընթացել և ավելի շատ իմիտացիայի տպավորություն են թողել, իսկ նախարարի պաշտոնում նա, առավել ևս, չի «ձգի»: Մի խոսքով, մեր տեղեկություններով, գոնե առայժմ այս թեման փակված է համարվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով զոհվածների հարազատները սպասում են, որ հրավիրվեն նախաքննական մարմին: Բանն այն է, որ զոհված քաղաքացիների հարազատներն անձամբ են գնացել ու ուսումնասիրել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրի կոնկրետ հատվածն ու արձանագրել, որ, «Զիլ»-ի վարորդից բացի, պետք է պատասխանատվության ենթարկվի «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որ հանդիսանում է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող եւ սպասարկող կապալառու կազմակերպությունը:
Ըստ ծնողների՝ այդ ճանապարհը «մսաղաց» է, ու պետք է բոլոր պատասխանատուները անպատիժ չմնան: Նկատենք, որ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն հայտնել էր, թե -1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշանները: Սակայն ծնողները պնդելու են, որ, այսպես կոչված, ճանշինները եւ պետական պաշտոնյաները, որոնք պարտավոր են հսկել ճանապարհաշինարարներին, պիտի պատժվեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» եւ «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, ինչի հետեւանքով 12 ուղեւոր մահացան, իսկ «Զիլ»-ի վարորդը կալանավորվեց: