Ուռուցքաբանը նշել է գլխուղեղի քաղցկեղի սկզբնական ախտանիշները

Ուռուցքաբանը նշել է գլխուղեղի քաղցկեղի սկզբնական ախտանիշները

Գլխուղեղի քաղցկեղը համարվում է ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, որը հավասարապես ախտորոշվում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Այն կարող է լինել շատ ագրեսիվ ու կարճ ժամանակում հանգեցնել մահվան, ուստի վաղ ախտորոշումը շատ կարևոր է:

Ինչպես նշում է նյարդավիրաբույժ  Սթիվեն Քալկանիսը, բժշկության մեջ չկա ավելի լուրջ ախտորոշում, քան գլխուղեղի քաղցկեղն է, քանի որ այն միայն բժշկական խնդիր չէ և իսկապես ազդում է մարդու հոգեկան աշխարհի և անհատականության վրա:

Գոյություն ունի գլխուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների ավելի քան 120 տեսակ, որոնց թվում կան ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ ուռուցքներ: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել գլխուղեղի քաղցկեղով:

Հաճախակի ու չմեղմվող գլխացավեր

Սրտխառնոցով ու փսխումով ուղեկցվող գլխացավերն այս հիվանդության ամենատարածված ախտանշանն են: Նման գլխացավերը կարող են բավական երկարատև լինել, ինչը վկայում է ներգանգային ճնշման բարձրացման մասին:

Երբեմն ցավն ավելի ուժգին է լինում որոշակի հատվածում, ինչը հուշում է ուռուցքի տեղակայման մասին: Ընդ որում նման դեպքերում ցավազրկող դեղամիջոցները որպես կանոն չեն օգնում:

Իհարկե գլխացավերը ոչ միշտ են պայմանավորված լինում քաղցկեղով, սակայն եթե դրանք ուղեկցվում են նաև այլ ախտանշաններով, ապա հարկավոր է բուժզննում անցնել:

Թուլություն ու կոորդինացիայի խանգարումներ

Եթե մարդը հանկարծակի սկսում է դժվարությամբ քայլել և չի կարողանում պահպանել հավասարակշռությունը, ապա հարկավոր է դիմել մասնագետին: Եվս մի վտանգավոր ախտանշան կարող է լինել նաև մարմնի մի կողմի աշխատանքի վատացումն ի տարբերություն մյուս կողմի, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

Տեսողական խնդիրներ

Տեսողության կտրուկ աղոտացումն ու պատկերի երկակիությունը, լույսի նկատմամբ գերզգայունությունն ու պատերին ու այլ առարկաներին հաճախակի բախվելը նույնպես կարող են պայմանավորված լինել գլխուղեղի քաղցկեղով: Բանն այն է, որ ուռուցքը կարող է ախտահարել մանրաթելերը, որոնք աչքը միացնում են գլխուղեղի ետին հատվածին, ինչն էլ դառնում է տեսողական խնդիրների պատճառ:

Նոպաներ, որոնք էպիլեպսիա են հիշեցնում

Նման նոպաները նույնպես կարող են պայմանավորված լինել գլխուղեղի քաղցկեղով: Դրանք իհարկե ոչ միշտ են կապված օնկոլոգիական հիվանդության հետ, սակայն բուժզննում ամեն դեպքում պետք է անցնել:

Մարդու պահվածքի փոփոխություն

Մտերիմ մարդիկ կարող են սկզբնական շրջանում նկատել աննշան, սակայն բավական արտասովոր փոփոխություններ հիվանդի պահվածքում: Նա կարող է ագրեսիվ դառնալ, կամ մոլորվել ծանոթ թաղամասում: Եթե նման փոփոխություններն ուղեկցվում են նաև այլ ախտանշաններով, ապա հարկավոր է դիմել ուռուցքաբանին:

Նշված ախտանշանները կարող են պայմանավորված լինել նաև բոլորովին այլ պատճառներով, սակայն դրանք այնուամենայնիվ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Հարկ է հիշել՝ որքան շուտ է հիվանդը դիմում բժշկին ու հայտնաբերում հիվանդությունը, այնքան շատ ժամանակ է ունենում բուժման համար, ինչն էլ ենթադրում է, որ բարեհաջող բուժման հավանականությունը նույնպես ավելի բարձր է լինում: