Փաշինյանի հետ քննարկվե՞լ է անկլավների վերադարձի հարցը․ մանրամասներ

Խնդրում եմ սպասել մեր պաշտոնական պատասխանին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Բաքվի հայտարարություններին, թե Հայաստանն անհապաղ պետք է «վերադարձնի» չորս ոչ անկլավային գյուղերը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի փուլում հայկական կողմը բազմաթիվ անգամներ ականատես է եղել, որ որոշակի գործընկերներ տեսակետեր են հնչեցրել, որոնք կամ կիսատ են եղել, կամ չեն համապատասխանել իրականությանը։

«Այդ իսկ պատճառով ես կխնդրեմ, որ մենք ամբողջական իրավիճակի ներկայացմանը սպասենք։ Այն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պիտի իրականացնեն սահմանագծում ու սահմանազատում, անվիճարկելի է, այն, որ գնում ենք խաղաղության, ևս անվիճարկելի է։ Եվ այն, որ այդ պրոցեսում մեզ փորձելու են սադրել ու մեզնից ստանալ անկայունություն, ևս նոր բան չէ»,- նշեց Հակոբյանը։

Ըստ նրա՝ իրավիճակը պետք է սառնասիրտ գնահատել։

Իսկ արդյո՞ք անկլավների հարցը քննարկվել է Փաշինյանի հետ խմբակցության վերջին հանդիպման ընթացքում․ հարցի պատասխանը Հակոբյանը խուսափեց տալ։ «Կառավարության հետ հանդիպումների ժամանակ մեր ֆռակցիան ցանկացած հարց քննարկում է՝ ամենախրթինից ամենապարզ։ Այստեղ որևէ արտառոց բան չկա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսայութում։