Որևէ ագրեսիա ՀՀ տարածքից «թուրանական միջանցքը» պոկելու համար կարժանանա Իրանի կոշտ արձագանքի 

Որևէ ագրեսիա ՀՀ տարածքից «թուրանական միջանցքը» պոկելու համար կարժանանա Իրանի կոշտ արձագանքի 

Վերջին օրերին հայ-իրանական հարաբերությունների կոնտեքստում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ասել է թե՝ Իրանը խոսքերից, կարծես, անցնում է գործերի:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով, Իրանի պատրաստակամությունը դիտորդների առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման պետք է գնահատել միայն դրական։,

«Հաշվի առնելով Իրանի կարմիր գծերը և իրանական դիրքորոշումները պետական բոլոր մակարդակներում շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե ձևավորվեր հայ-իրանական համատեղ ահաբեկչական կենտրոն, որը կունենար զինված ստորաբաժանում՝ համատեղ իրականացնելու հակաահաբեկչական գործողությունները։ Հաշվի առնելով այն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկիչներ են ներմուծել մեր տարածաշրջան, ուստի իրանական կողմի անվտանգային և ռազմաքաղաքական տիրույթում յուրաքանչյուր համագործակցություն միայն նպաստ կբերի ՀՀ անվտանգության բարձրացմանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Վարդան Ոսկանյանը։

Միևնույն ժամանակ, ըստ իրանագետի, Իրանի դիտորդական առաքելության ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում ադրբեջանական և թուրքական հեռագնաց ծրագրերի վրա։ Իսկ այդ ծրագրերը ենթադրում են Հայաստանից արտատարածքային միջանցքից «թուրանական միջանցքի» կորզում։ 

«Իրանական կողմը այս հարցում իր կարմիր գծերը շատ հստակ պահպանել է. սա Իրանի ամենաբարձր ղեկավարության մակարդակից վերջացրած փորձագիտական շրջանակներում ընթերցվել է, որ որևէ ռազմական ագրեսիա ՀՀ տարածքից «թուրանական միջանցքը» պոկելու համար կարժանանա իրանական կոշտ արձագանքի։ Իրանական կողմը պատրաստ է գնալ մինչև ռազմական գործողությունների, որ թույլ չտա Հայաստանի և Իրանի սահմանի կապի ընդհատում։ Իրանական կողմի դիրքորոշումները հստակ են և անգամ այս պահին այդ դիրքորոշումները կան»,- ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով, Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի իրանական կողմի դիրքորոշումը վերածվի ՀՀ հետ անվտանգային և ռազմաքաղաքական խորը արմատներ ունեցող դաշինքի, ինչը զգալիորեն կապահովի ՀՀ անվտանգային ճարտարապետության բաղադրիչների գոնե մի հատվածի ստեղծումը։

Մարիաննա Արամյան