532 կին է գրանցվել Պարեկային ծառայությունում աշխատելու համար․ Արա Ֆիդանյան

Մինչեւ 2023թ․-ի տարեվերջ Պարեկային ծառայությունը ներդրվելու է ողջ Հանրապետությունում․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Ֆիդանյանը։ 

Ոստիկանությունում կանանց ներգրավման մասին խոսելիս՝ Ֆիդանյանը նշեց, որ իգական սեռի ներգրավվածությունը կազմում է 18,4 տոկոս՝ ըստ էության ապահովվել է կանխատեսված չափը։ 

«Կարեւորելով ոստիկանությունում գենդերային հավասարության ապահովման խնդիրը՝ մեր առջեւ հավակնոտ նպատակ ենք դրել Պարեկային ծառայությունում կին ծառայողների թվաքանակը մինչեւ 2024թ․-ի ավարտը հասցնել 30 տոկոսի։ Պարեկային ծառայության շարքերն ացնելու համար արդեն նախագրանցվել է 532 կին, որոնց հետ անցկացվել են հանդիպումներ»,-ասաց նա։ 

Անդրադառնալով Ոստիկանության գվարդիայի ձեւավորմանը՝ Ֆիդանյանն ասաց, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մեկնարկել են նոր ծառայության օրենսդրական փաթեթի եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան սպառազինության ցանկի մշակման աշխատանքները։ 
Հիշեցնենք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի մասնակցությամբ ԱԺ-ում քննարվում է Ոստիկանության 2022-ի բյուջեի կատարողականը։

Մանրամասն՝ տեսանյութում