Արայիկ Հարությունյանը փորձում է պարզերե՞ս դուրս գալ

Արայիկ Հարությունյանը փորձում է պարզերե՞ս դուրս գալ

Երեկ երեկոյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրատապ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ պահն արդեն օրհասական է, և ինքը միանում է Արցախի Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնող քաղաքացիներին։ Ու եթե մեկ շաբաթվա մեջ որևէ հստակ քայլ չարեց միջազգային հանրությունը՝ արցախցիներին բնականոն կյանք վերադարձնելու համար, ապա իրենք կգնան ծայրահեղ քայլերի Արցախում և դրանից դուրս։

Ինչո՞ւ հենց հիմա՝ շրջափակումից 218 օր անց միայն Հարությունյանը հասկացավ, որ վիճակն օրհասական է, և որ պետք է կանգնել արցախցու կողքին, հասկանալի չէ։ Գուցե այն պատճառով, որ արցախցիները բազմաթիվ անգամներ հայտարարել էին, որ հույսները կտրել են թե՛ իրենից, թե՛ ՀՀ իշխանություններից։ Հայկական երկու պետությունների ղեկավարներից հիասթափությունը Արցախում հասունացող հումանիտար ճգնաժամին զուգահեռ մեծանում է, և այժմ հասել է իր պիկին։

Սա, ըստ էության, պարզերես դառնալու վերջին փորձն է Հարությունյանի կողմից (իր կարծիքով)։ Փաշինյան-Միշել-Ալիև՝ հայկական կողմի համար խիստ աննպաստավոր հանդիպումը, Էրդողանի վերջին հայտարարությունը՝ 2025-ին ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելու վերաբերյալ, ՌԴ ԱԳՆ հայտարարություն-հիշեցումը, թե ով է իրական պատասխանատուն Արցախում ստեղծված իրավիճակի համար․․․ և այս ամենին ՀՀ ղեկավարի անատամ արձագանքը պարզ է դարձնում, որ «վերջը մոտ է», նաև Հարությունյանի համար։ Ու այդ վերջը հնարավորինս մեղմելու համար է Արցախի նախագահը քայլ անում։

«Հարությունյանի նստացույցն ո՞ւմ է պետք, ո՞ւմ է հետաքրքիր նա, ո՞ւմ է ուղղված իր մեսիջը։ Միջազգային հանրությունը պետք է վախենա՞, պետք է քայլեր անի՞։ Արցախցու սովամահ լինելու ֆոնին Հարությունյանի հերթական պոպուլիզմն ո՞ւմ է պետք»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց արցախցիներից մեկը, որը Հարությունյանի քայլը շոու է որակում։

Արցախցիներն ակնկալում էին, որ գոնե հիմա Հարությունյանը պետք է հայտարարեր, որ դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը, որ չի ընդունում այս ամենը, որ չի պատրաստվում համակերպվել այն օրակարգին, որ առաջ է տանում ՀՀ իշխանությունը։ Բայց այդ ամենը չկա, այսինքն՝ նստացույց է անում, բայց համաձայն է Փաշինյանի օրակարգին։ Եվ սա անընդունելի է արցախցիների համար։

Այս փուլում նրանք ուղղակի հույս ունեն, որ Հարությունյանը հստակ կոչով հանդես կգա, կխնդրի, որ Հայաստանն ու Սփյուռքը կանգնեն Արցախի կողքին՝ դեմ գնալով Փաշինյանի օրակարգին։ Հակառակ դեպքում՝ Հարությունյանի բեմադրությունը «happy end» չի ունենա։

Նարե Գնունի