ՀԱՊԿ երկրների առաջնորդները մյուս շաբաթ կհանդիպեն. Փաշինյանը կմեկնի՞  

ՀԱՊԿ երկրների առաջնորդները մյուս շաբաթ կհանդիպեն. Փաշինյանը կմեկնի՞  

Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջ տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Այս մասին ավելի վաղ հայտնել էր ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի Աստանա և կմասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը․ MediaHub-ը դիմեց կառավարության լրատվական վարչության պետ Արմեն Խաչատրյանին, ով տվեց ավանդական պատասխանը. «Վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն ենք տեղադրում»։

Եթե չլինեին վերջին զարգացումները, թերևս, ճշտման կարիք չունենար այս հարցը և միանշանակ կարող էինք ենթադրել, որ Փաշինյանը այս անգամ էլ չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառմանը: Սակայն հիշենք, որ նոյեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դեսպաններին ու մշտական և լիազոր ներկայացուցիչներին, որին մասնակցել էր նաև ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Այս իրադարձությունը քննարկումների տեղիք տվեց, թե մի՞թե Փաշինյանի քաղաքականությունը փոխվում է, և Փաշինյանը վերադառնում է, այսպես ասած, ՌԴ-ի գիրկը,  այն Փաշինյանը, ով ով ասում էր, թե՝ «Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ արել, հենց ՀԱՊԿ-ն է արել` իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ», և որ «ՀԱՊԿ–ը ստեղծել է Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ»:

Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը բոլոր մակարդակներում ՀԱՊԿ–ում սառեցրել է իր մասնակցությունը, և մինչ Արսենյանի մասնակցությունը, առնվազն վերջին 1.5 տարում ՀՀ ներկայացուցիչները գրեթե չեն մասնակցել ՀԱՊԿ ոչ մի միջոցառման:

Այդուհանդերձ, մեր աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը Աստանայում կայանալիք այս հանդիպումը ևս բաց կթողնի, թեև միանշանակ է, որ դեպի ջերմացում ելևեջներ նկատելի են: Փոխարենը միանշանակ է, որ Փաշինյանն կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական դարձած ոչ պաշտոնական հանդիպմանը, որին միշտ ներկա է գտնվել: Հատկապես, որ դրան շանս կունենա հերթական շփումն ունենալու թշնամի պետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մարիաննա Արամյան