Պետությունը չի կարողանում պայքարել ծխախոտային օրինախախտների դեմ․ հայկական սիգարետները վաճառվում են առանց «վատ» նկարների

Ծխախոտի արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից 2014 թվականին ընդունված Մաքսային միության ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 035/2014) ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից: Համաձայն այս վերազգային կանոնակարգի՝ այժմ արգելվում է ծխախոտ արտադրել կամ ներմուծել առանց սպառողական փաթեթավորման, որտեղ պատկերված են գրաֆիկական առողջության նախազգուշացումները (Pictorial Health Warnin/PHW): Այս նախազգուշացումները պետք է զբաղեցնեն ծխախոտի տուփի երկու ամենամեծ կողմերի առնվազն 50%-ը:
Բայց արի ու տես, որ այս պահանջը բոլորը ու միշտ չէ, որ պահպանում են, ու խախտում են հենց տեղական արտադրողները։ Դրանով նրանք մրցակցային առավելություն են ստանում այլ ընկերությունների արտադրանքի, այս դեպքում՝ դրսից ներկրված ծխախոտի տեսակների նկատմամբ, քանի որ սպառողին, ամեն դեպքում, հաճելի է գնել ոչ թե իր վրա «վատ» նկարներ պատկերված տուփերով ծխախոտ, այլ նորմալ ապրանքային տեսքով, գեղեցիկ դիզայնով ծխախոտ։
Խնդիրը ավելի պատկերավոր ներկայացնելու համար նշենք թվեր․ Հայաստան ծխախոտ ներկրող 3 խոշորագույն ներմուծողների մոտ՝ Philip Morris, JTI, British American այդ «վատ» նկարներով տուփերը սկսել են շուկայում հայտնվել 2024 թ․ ապրիլ-մայիս ամիսներին, իսկ ներկայումս այդ ընկերությունների պորտֆելների 80-90%-ը կազմում են նկարներով տուփերը, մինչդեռ տեղական արտադրողների մոտ այդ թիվը տատանվում է շուրջ 10-15%, իսկ որոշների մոտ առհասարակ 0% է։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից MediaHub-ին ասացին, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթը թույլ է տալիս ամբողջական սպառում իրականացնել մինչև 2024 հունվարի 1-ը երկիր ներմուծված և արտադրված ապրանքների համար, որոնք այդ նկարներով չեն եղել, ինչից էլ, թերևս, օգտվում են տեղական արտադրողները՝ թաքնվելով այդ դրույթի տակ ու իրենց խախտումն «արդարացնելով» նրանով, որ իրենք մինչև 2023 թվականի ավարտը մեծ քանակությամբ ծխախոտ են արտադրել, որը մեկ տարի է՝ չի սպառվում շուկայում։ Նկատենք, որ ավարտին է մոտենում արդեն 2024 թ․ նոյեմբեր ամիսը, և դեռ խանութներում իբրև թե նախորդ տարվա ապրանքն է սպառվում։ Եւ սա այն դեպքում, որ ծխախոտը արագ սպառվող ապրանք է, և ակնհայտ է, որ հնարավոր չէր այնպիսի ծավալի արտադրանք արտադրել մինչև 2024թ․, որպեսզի այն շարունակեր իրացվել մինչև նոյեմբեր ամիսը։
Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարվա ընթացքում տեղական արտադրողների կողմից մի շարք նոր տեսակի ծխախոտներ էին հայտնվում շուկայում՝ բնականաբար գործող օրենքի խախտումներով, այսինքն՝ առանց համապատասխան «վատ» նկարների։ Կան օրինակներ, երբ «թղթի վրա» այդ պայմանները պահպանվում են, սակայն անզեն աչքով երեւում է, որ բոլոր տեսակի ծխախոտի տուփերի վրա օգտագործվում է մեկ «ամենաանմեղ նկարը» (12 տարբեր նկարների փոխարեն), այն էլ «blur» արած։
Այս ամենի դեմ պետք է պայքարի Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որի միակ գործիքակազմը ընդամենը 400 հազար դրամ տուգանք կիրառելն է, որը հաճույքով մուծում են խախտում թույլ տված արտադրողները, օրինակ՝ «Գրանդ տոբակոն», «Սիգարոնը», «Լեքս տոբակոն», որը նոր է մտել շուկա և պատկանում է «Ալեքս հոլդինգի» հիմնադիր Սամվել Ալեքսանյանին, և շարունակում են խախտումով իրենց ապրանքը վաճառել շուկայում՝ մրցակցային առավելություն ստանալով այլ ընկերությունների նկատմամբ։
Իհարկե, միայն տեղական արտադրողները չէ, որ խախտում են ԵԱՏՄ համապատասխան կանոնակարգը, նաև ներմուծող ընկերություններն են որոշ դեպքերում խախտում թույլ տալիս, բայց բնավորության այս գիծը ավելի շատ հենց տեղականների մոտ է նկատվում։
Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը, որ օրերս նախազգուշացում էր տարածել, թե «Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 կանոնակարգի համաձայն 2024 թվականի հունվարի 1-ից արտադրվող, ներմուծվող և շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրատեսակները պետք է պարտադիր ուղեկցվեն հատուկ էսքիզներով (պատկերներով), և դրանց բացակայությունը առաջացնում է վարչական պատասխանատվություն, այս տարվա ընթացքում բազմաթիվ այսպիսի խախտումներ է արձանագրել և վարչական պատասխանատվություն կիրառել Հայաստանում ծխախոտի բիզնեսով զբաղվող բոլոր տնտեսվարողների նկատմամբ, բայց խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ Նշենք, որ Հայաստանում կա ծխախոտ արտադրող և ներմուծող 11 տնտեսվարող, որոնցից հինգը ներմուծող է, վեցը՝ արտադրող։
«Ոլորտում գործող բոլոր 11 տնտեսվարողները 2024 թվականի հունվարի 1-ից հետո ենթարկվել են վերահսկողության, այսինքն՝ բոլորի մոտ իրականացվել են ստուգումներ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից, և բոլորն էլ կանոնակարգի պահանջներին չհամապատասխանելու հիմքով ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 400 հազար դրամի չափով»,- MediaHub-ին ասացին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։
Մենք ևս, համոզվելու համար՝ այսքան տուգանքներից հետո խնդիրը դեռ պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ, որոշ խանութներում շրջայց կատարեցինք ու նկատեցինք, որ ծխախոտի ստենդի վրա դասավորված ծխախոտի տեսակներից մեծ մասը, հիմնականում՝ տեղական արտադրության սիգարետներ, առանց համապատասխան նկարների են վաճառվում, այսինքն՝ օրենքի խախտումով, ինչը նշանակում է, որ պետությունը, փաստացի, մեխանիզմ չունի կամ ի վիճակի չէ պայքարել այս խախտման դեմ։ Մեզ ասացին՝ այս թեմայով նաև քննարկումներ են կազմակերպվել էկոնոմիկայի նախարարությունում, բայց դարձյալ որևէ արդյունք չի տվել՝ օրենք խախտողները շարունակում են նույն կերպ օրենք խախտել։
Վահե Մակարյան