Կուսակցության մեջ կան բազմաթիվ հարցեր, որոնք վերանայման ենթակա են. Խաժակյանը դուրս կգա՞ «Լուսավոր Հայաստանից»

Կուսակցության մեջ կան բազմաթիվ հարցեր, որոնք վերանայման ենթակա են. Խաժակյանը դուրս կգա՞ «Լուսավոր Հայաստանից»

MediaHub-ի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Խաժակյանը մտադիր է քաղաքականապես առանձնանալ «Լուսավոր Հայաստանից» և Էդմոն Մարուքյանից և հանդես գալ առանձին քաղաքական պլատֆորմով։ Այս օրերին նա թիմ է հավաքում ու անգամ տեղեկացրել է իր մտադրության մասին Էդմոն Մարուքյանին։

Մեզ հետ զրույցում Խաժակյանը ընդհանրական պատասխան տվեց՝ ուղիղ որևէ բան ո՛չ հերքելով, ո՛չ բացառելով կամ հաստատելով՝ նշելով, որ ինքը ԼՀԿ հիմնադիր անդամ է հանդիսանում, և հարցն այս մասով ակտուալ չէ։

«Ես «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ եմ և եթե անգամ եղել են, կան կլինեն հարցեր, որոնք պետք է վերանայվեն ԼՀԿ գործունեության մեջ, ես ինձ դիտարկում եմ դրա մաս, և այդ վերանայումները կանենք համատեղ»,-ասաց նա։

- Իսկ կա՞ն այդպիսի հարցեր։ 

- Այդպիսի հարցեր միշտ են եղել, հիմա էլ կան և ապագայում էլ կլինեն, անսխալական քաղաքական ուժ Հայաստանում դժվար է գտնել։ 

- Այսինքն՝ այս պահին «Լուսավոր Հայաստանից» դուրս գալու, առանձնանալու որևէ գործընթաց չկա՞։

- Հայաստանում քաղաքական գործունեություն հնարավոր է իրականացնել կուսակցության հետ համատեղ: Եթե կան հարցեր, որոնք պետք է վերանայվեն, և եթե մի բան, որը իմ մասնակցությամբ է ստեղծվել, ես ինչո՞ւ պետք է իմ մասնակցությունը դնեմ մի կողմ՝ նոր բան ստեղծեմ։

- Հենց այն տրամաբանությամբ, որ գուցե այդքան էլ Ձեր պատկերացումներին համահունչ չեն կուսակցության կամ դրա նախագահի վարած քաղաքականությունը, դավանած արժեքները, որդեգրած գիծը, և Դուք որոշել եք առանձին ճանապարհ անցնել։

- Կուսակցության մեջ կան բազմաթիվ հարցեր, որոնք վերանայման ենթակա են, որոնք ժամանակի ընթացքում վերանայվում են, և մենք դա իրականացնում ենք համատեղ։

- Եթե ավելի ուղիղ ձևակերպեմ հարցս՝ բացառո՞ւմ եք «Լուսավոր Հայաստանից» դուրս գալու կամ առանձնանալու հավանականությունը Ձեր կողմից։ 

- Նման հարցադրումն ուղղակի ակտուալ չէ՝ առնվազն իմ պարագայում։

- Իսկ այս պահին կա՞ն արմատական, սկզբունքային հարցեր կուսակցության մեջ, որոնք Ձեզ համար ընդունելի չեն և վերանայման, փոփոխման անհրաժեշտություն եք տեսնում։

- Կան, և դրանք կուսակցության ներքին քննարկումների շրջանակում են։

- Դրանք ներկայացրե՞լ եք ԼՀԿ կառավարման խորհրդին, կուսակցության նախագահին։

- Կառավարման խորհուրդը՝ որպես մեկ միասնական մարմին, բոլոր այդ հարցերը քննարկում է։ Այստեղ խնդիրը ես չեմ, խնդիրն այն հարցադրումներն են, որոնք բոլորս միասին քննարկում ենք և ձևավորում ենք միասնական տեսակետ այդ հարցերի հետ կապված, և երբ այդ տեսակետներն արդեն հստակ կլինեն, դրանք նաև կլուսաբանվեն։

- Ձեր խոսքից, ամեն դեպքում, տպավորություն է, թե ինչ-որ բան Ձեր սրտով չէ կուսակցության մեջ։

-Ես համարում եմ, որ Հայաստանում եղած քաղաքական դաշտում չի կարող ընդհանրապես ինչ-որ մի բան ամբողջական և դրական ընկալելի լինել։ Եւ այդ առումով ես և մեր գործընկերները համատեղ փորձում ենք գտնել լուծումներ, և խնդիրը ոչ թե մեր մեջ է, որ մենք ունենք խնդիրներ, այլ մենք միասին ունենք խնդիրներ եղած իրողությունների նկատմամբ։

- Օրինակ՝ Ձեզ համար ընդունելի՞ է Ձեր կուսակցության և կուսակցության նախագահի վարած պրոիշխանական քաղաքականությունը վերջին շրջանում, որովհետև հիմա Էդմոն Մարուքյանին ամբողջությամբ ասոցացնում են իշխանության հետ, նրան ներկայացնում են որպես իշխանության կցորդ կամ իշխանական դաշտում հարմարավետ տեղավորված գործիչ։ Սա Ձեզ համար ընդունելի՞ է, և Դուք կարի՞ք զգում եք այդ ամենը վերանայելու և ավելի ընդդիմադիր դիրքեր վերադառնալու։

- Ես չեմ համարում, որ Էդմոն Մարուքյանը կառավարության մաս է, իշխանության մաս է, նա արտաքին քաղաքական հարցերում փորձում է իր ներուժը ներդնել։ Բնականաբար, ես համարում եմ, որ նա արդյունավետության հետ կապված ունի շատ ու շատ հարցեր քննարկելու, և ակնհայտ է, որ առնվազն վերջին մի քանի ամիսների իրողությունները տեղ են տալիս ընդհանրապես վերանայելու Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը: Այդ հարցերը, բնականաբար, իմ մեջ քննարկվում են, բայց ոչ թե որպես իմ կողմից հարցադրում, այլ որպես ընդհանուր խնդիր, որը մենք համատեղ քննարկում ենք։

Վահե Մակարյան