Որքան էլ Նիկոլն ու Զարեհը փորձեն մեզ պառակտել, մեկ է՝ անկոտրում ենք․ ևս մեկ ՀՅԴ֊ական ՀՀ չի կարողանա գալ

Որքան էլ Նիկոլն ու Զարեհը փորձեն մեզ պառակտել, մեկ է՝ անկոտրում ենք․ ևս մեկ ՀՅԴ֊ական ՀՀ չի կարողանա գալ

Ֆրանիսայի ՀՅԴ երիտասարդական կառույցի՝ «Նոր Սերունդ»-ի ատենապետ Նժդեհ Գարագավորյանը երեկ հանկարծակի տեղեկացել է, որ իր մուտքն արգելված է Հայաստան: Հայաստանի իշխանություններն արդեն 4-րդ դաշնակցականին են persona non grata հայտարարել։ 

Ինչպես MediaHub-ի հետ զրույցում ասաց Նժդեհ Գարագավորյանը՝ Հայաստան էր գալու մասնակցելու փետրվարի 6-10 Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին։

«Սա արհեստական, շինծու, ապազգային որոշում է, եւ որ ամենակարեւորն է՝ հակաժողովրդավարական։ Ես որեւէ պատճառաբանություն չեմ լսել, թե ինչու է արգելվել իմ մուտքը Հայաստան։ ԱԱԾ-ն ինձ ասում է, որ ես անցանկալի անձ եմ, բայց որեւէ պատճառ չի բերվում։ Ես անօրինական որեւէ բան չեմ արել։ Որքան էլ Նիկոլն ու Զարեհը փորձեն մեզ միմյանից հեռացնել, միեւնույն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանությունն անկոտրում է»,-ասաց նա։

Գարագավորյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները այս քայլով փորձում են պառակտել աշխարհի հայերին, անջրպետ առաջացնելով Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։ 

«Մենք ավելի ուժեղ պիտի հակադրվենք Փաշինյանի վարքագծին։ Նրա զիջողական, պարտվողական, պառակտիչ ու ապազգային քաղաքականությունը պիտի վերանա։ Մենք հավատում ենք ազգային-ազատագրական պայքարին։ Կարմիր գծեր կան, որ պետք է չհատվեն, այն է՝ Հայաստանի եւ Արցախի տարածքային ամբողջականության պահպանությունն ու անկախությունը։ Այս հարցում զիջումների ու հետքայլի տեղ չունենք»,-հավելեց նա։
Վերջինս նշեց, որ Սյունիքում կայանալիք համաժողովին քննարկվելու էին կարեւորագույն հարցեր՝ օրինակ, ինչպե՞ս սփյուռքում ինքնակազմակերպվել ու աջակցել մայր Հայաստանին։  

«ՀՅԴ երիտասարդական ցանցը զինվորագրված է հայ ժողովրդի եւ պետականության ամրապնդմանն ու բարեկեցությանը։ Մենք կհասնենք արդարության եւ արժանապատիվ խաղաղության։ Մենք գիտենք մեր անելիքը ու վստահ ենք, որ ճիշտ ճամփին ենք»,-ընդգծեց նա։ 

Նշենք, որ Նժդեհը բազմաթիվ բարեգործական ակցիաներ է իրականացրել՝ օգնություն բերելով Արցախի բնակչությանն ու սահմանամերձ գոտիներում ապրող հայաստանիցներին։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանություններն անցանկալի անձ են ճանաչել նաեւ ՀՅԴ Բյուրոի անդամներ Մուրադ Փափազյանին, Մասիս Աբրահամյանին եւ ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին։

Լիա Սարգսյան