ԱՄՆ-ում խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել. Միրզոյան

ԱՄՆ-ում խաղաղության պայմանագրի նախագծի ևս 2 հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել. Միրզոյան

Բանակցությունների հարցում ԱՄՆ-ում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց․ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել»,- նշել է Միրզոյանը։

Նրա համոզմամբ՝ բանակցությունների արդյունքում կողմերը ընկալում են միմյանց մտադրությունները և պատկերացումները։ 

«Կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին։

Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ և պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- հավելել է նա։