ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է Ռուսաստանին հանձնել հարստացված ուրանի պաշարները

Օմանում ամերիկացի բանակցողները Թեհրանին առաջարկել են բարձր հարստացված ուրանի իր պաշարները փոխանցել երրորդ երկրի, ինչպիսին է Ռուսաստանը, հայտնել է բրիտանական «The Guardian» թերթը։
Խնդիրը, որը դիտվում է որպես ապագա գործարքի հիմնական խոչընդոտ, բարձրացվել է Օմանի Մուսկատ քաղաքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախնական, հիմնականում անուղղակի բանակցություններում։
Ապրիլի 12-ին Օմանում կայացել էր ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը, որին իրանական պատվիրակությունը ներկայացրել էր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆֆը։
Հանդիպումը տեւել է ավելի քան երկուսուկես ժամ, որի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային ծրագրի եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հարցի շուրջ։