«Արցախում մնացին ամուսնուս ու որդուս գերեզմանները»․ Նվարդի հոգում աղմկում են պատերազմն ու կարոտը 

«Արցախում մնացին ամուսնուս ու որդուս գերեզմանները»․ Նվարդի հոգում աղմկում են պատերազմն ու կարոտը 

Նվարդ Մովսիսյանն Արցախի Հաթերք գյուղից է տեղահանվել։ Հայաստանում հաստատվելու անցած ամիսներին մեկ րոպե անգամ իր բաժին պատերազմն ավարտած չի համարել։ 

«Պատերազմն ավարտվեց Արցախի կորստի գնով, բայց իմ հոգում դեռ շարունակում են աղմկել թնդանոթների, ապա կարոտի անբացատրելի ձայները։ Իմ հայրենիքն իմ որդու ու ամուսնու գերեզմաններն են, որ մնացին այնտեղ։ Հիմա իմ ֆիզիկական գոյությունն ինչպե՞ս արդարացնեմ»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Նվարդը, վշտանում, անզորությունից արտասվում։ 

Նրա ավագ որդին՝ Վալերի Մուսայելյանը, ժամկետային ծառայող էր, երբ Ադրբեջանը 2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմ սանձազերծեց Արցախի բնագծի ողջ երկայնքով։ Առաջին իսկ օրից Վալերին ցուցաբերել է արիություն և իր հաստիքային զենքով կանխել է թշնամու առաջխաղացումը, հնարավորություն տվել իր զինակից ընկերներին զբաղեցնել ավելի բարենպաստ կրակային դիրքեր։ Նույն օրը Ջրականում անմահացավ 19-ամյա երիտասարդը։ 

Նրան հուղարկավորել են հայրենի Հաթերքի գերեզմանատանը։ «Ամենամեծ ցավը որդի կորցնելն է։ Ծնողը չպետք է տեսնի ջահել որդու մահը, դա բնության օրենք է։ Ցավս, անցած 3 տարիների ընթացքում այդպես էլ չմեղմվեց, ինչ իմանայի, որ դրանից ավելի վատ բան՝ գերեզման կորցնելն է»։

Նվարդի ցավը եռապատկվեց 2023-ին․ զոհվեց նաև ամուսինը, կորցրեց հայրենիքը։ 

Խոսրով Մուսայելյանը ՊԲ երկարամյա ծառայող է։ Մասնակցել է 2016 թվականի քառօրյա պատերազմին, կռվել` 44-օրյա պատերազմում։ Սեպտեմբերի 20-ին անմահացել է Հաթերքի դիրքերում։ Նրա մարմինն ամփոփվել է Ստեփանակերտում։ 

«Այս պատերազմում Խոսրովը դիրքերում էր։ Գիտեք, որ Հաթերքը բարձրադիր գյուղ է, դրանից ավելի բարձրում մեր դիրքերն էր։ Սեպտեմբերի 20-ին գյուղը տարհանվեց, մենք եկանք ռուս խաղաղապահների կենտրոնակայան, քաոս էր այդ օրը, բոլորը փնտրում էին իրենց հարազատներին։ Ինձ լուրեր հասան ամուսնուս վիրավորվելու մասին, ասացին՝ ««բեսպիլոտնիկը» խփել է, վիրավորներին գնացել են տարհանեն»։ Սիրտս անհանգիստ էր, զգում էի, որ ինձանից բան են թաքցնում։ Մի կերպ զանգահարեցի Հաթերքի մեր բժշկին, ասաց՝ «Նվարդ, քեզանից թաքցնելու բան չունեմ, Խոսրովը ևս զոհվել է»։ Հետ գնալ գյուղ անհնար էր, ճանապարհները փակ էին, մնալով խելագարվում էի։ Չգիտեի՝ ինչ անել»,- ասում է նա։ 

Խոսրովի դին Հաթերքից տեղափոխել են Մարտակերտ, մի քանի օր անց՝ Ստեփանակերտ։ Էլեկտրաէներգիա չկար, դիահերձարանի սառցարաններում տեղ ևս։ Դիակի խիստ արտահայտված նեխային փոփոխությունների հետ կապված այնտեղ Նվարդին խորհուրդ են տվել հուղարկավորել Ստեփանակերտում։ 

«Մի կերպ դագաղ գտնելով՝ սեպտեմբերի 25-ին մեր գյուղից 2 ջահել տղաների հետ Խոսրովին ևս հուղարկավորել ենք «Եղբայրական հուշահամալիրում», իրար կողքի։ Հիմա, երբ տեղահանվել եմ Հայաստան, դեռ չի եղել մի օր, որ ես այստեղ ինձ զգամ։ Ամեն րոպե մտքերով Հաթերքում եմ որդուս մոտ, Ստեփանակերտում՝ ամուսնուս մոտ։ Մենակ այդ միտքն է ինձ տանջում․ թեկուզ մեկ անգամ գնամ գերեզմաններ»,- ասում է մեր զրուցակիցը։

Նվարդի միակ ապավենն այժմ իր 21-ամյա որդին է՝ Էդուարդը, որը, մոր հետ վիշտը կիսելով, փորձում են առաջ նայել, բայց մի անհաղթահարելի կարոտ տանջում է նրանց...

Հունան Թադևոսյան