Սոցապնախարարությունը մոլորեցնում է իր ծրագրի շահառուներին

Սոցապնախարարությունը մոլորեցնում է իր ծրագրի շահառուներին

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որ լայնորեն գովազդում է սահմանամերձ բնակավայրերում պետության աջակցությամբ տուն կառուցելու ծրագիրը, ոչ մի կերպ չի կարողանում կամ չի ցանկանում պատասխանել մեր ուղարկած մի պարզ հարցի՝ ի՞նչ երաշխիք կա, որ այդ սահմանամերձ բնակավայրերը, որոնց թվում են նաև Բաղանիսը, Ոսկեպարն ու Տիգրանաշենը, վաղը չեն հանձնվի թշնամուն և չեն դառնա Ադրբեջանի մաս։ Մենք այս թեմայով երկու անգամ հարցում ենք ուղարկել նախարարություն՝ նախարարի անունով, բայց մեզ երկու անգամ էլ պատասխանել են թերի և ոչ նախարարի անունից։ Իսկ մեր հարցումը միանգամայն լեգիտիմ հիմքեր ունի, քանզի դեռևս 2023 թվականի մայիսի 22-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկլավների թեմայով հարցրին, բառացիորեն ասել էր․ «Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի յոթ գյուղերը ներառված չեն»։

Ու հիմա սոցապնախարարությունը ծրագիր է անում՝ առաջարկելով մարդկանց գնալ և պետության աջակցությամբ տուն կառուցել հենց Տիգրանաշենում և Տավուշի մարզի այդ յոթ գյուղերից երկուսում՝ Ոսկեպարում և Բաղանիսում։ Ընդ որում, առաջին անգամ մեր ուղարկած հինգ հարցից նախարարությունը առաջին չորս հարցն էր անտեսել՝ պատասխանելով միայն վերջինին, որ ընդամենը երեք քաղաքացի է դիմել հենց այս համայնքներում տուն կառուցելու համար, երկուսը՝ Ոսկեպարում, մեկը՝ Բաղանիսում։ Երկրորդ անգամ խնդրել էինք պատասխանել նաև նախորդ չորս հարցերին, որոնք առավել քան կարևոր են, օրինակ՝ ի՞նչ տրամաբանությամբ են որոշել մարդկանց ուղորդել տուն կառուցել այն գյուղերում, որոնք իրենց կառավարությունը ՀՀ տարածքի մաս չի դիտարկում։ Նաև հետաքրքրվել էինք՝ այդ քաղաքացիներին արդյոք տրվե՞լ են երաշխիքներ, որ իրենց կառուցած տները վաղը չեն անցնի թշնամու տիրապետության տակ։ 

Վերջին՝ հինգերորդ հարցով էլ խնդրել էինք ասել, թե ինչո՞ւ չեն պատասխանում նախորդ չորս հարցերին։ Այս անգամ էլ ԱՍՀ նախարարությունը որոշել է անտեսել մեր վերջին չորս հարցերը՝ պատասխանելով ընդամենը առաջին հարցին։ 

Ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ, որում մեր հարցերի պատասխանը որևէ կերպ արտացոլված չէ, հատկապես՝ երաշխիքների մասով։ 

«Ի պատասխան Ձեր 21․02․2024 թ․ Մ/10755-2024 գրության առաջին հարցի՝ տեղեկացնում ենք, որ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի իրականացման համար հիմք է ընդունվել 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված 1444-Ն որոշումը, որով սահմանված է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը։ Ծրագրի իրականացման շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նշված ցանկում նոր բնակավայրերի ներառում (կամ դրա վերաբերյալ առաջարկ) չի իրականացվել։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ծրագիրը, մինչ ՀՀ կառավարության հավանությանը ներկայացնելը, անցել է սահմանված բոլոր ընթացակարգերով։ Ծրագիրը զեկուցվել ու քննարկվել է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի նիստում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ (հղում)»,-ասված է պատասխանում։

Մենք, իհարկե, չենք զլանա և նորից կուղարկենք նույն հարցումը՝ այս անգամ մեջտեղի անտեսված հարցերը շեշտելով, և հույս ունենք՝ այս անգամ գոնե նախարարույթունը բարի կամք կցուցաբերի և հանուն իրենց ծրագրի ապագա շահառուների՝ ազնվորեն կպատասխանի այդ պարզ հարցին, թե ի՞նչ հույսով են այդ քաղաքացիները տուն կառուցելու այն բնակավայրերում, որոնք կառավարության ղեկավարի մակարդակով պաշտոնապես ճանաչվել են Ադրբեջանի մաս, պարզապես դեռ չեն հանձնվել թշնամական երկրին։ Իսկ մինչ այդ, քանի դեռ չենք ստացել մեր հարցերի լիարժեք պատասխանը, կարող ենք եզրակացնել, որ ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը խաբում է մարդկանց, մոլորեցնում իր շահառուներին և նրանց դիտավորյալ ուղորդում տուն կառուցել և բնակություն հաստատել այն տարածքներում, որոնք իրենց կառավարությունը մերը չի համարում և պատրաստ է վաղը հանձնել թշնամուն՝ այդ կառուցած տներն էլ հետը, իսկ բնակիչներին էլ, հավանաբար, թողնել գերի` թշնամու ձեռքում։ 

Վահե Մակարյան