Ինչո՞ւ Վանաձորում չի կայացել ավագանու արտահերթ նիստը․ մանրամասներ

Ինչո՞ւ Վանաձորում չի կայացել ավագանու արտահերթ նիստը․ մանրամասներ

Վանաձոր քաղաքում ավագանու արտահերթ նիստը չի կայացել քվորում չապահովելու պատճառով։ Նիստին ներկա են եղել «Ապրելու երկիր», ՔՊ, ՀԱՍԿ խմբակցությունների անդամները։ «Հայրենիքի», ինչպես նաև «Ասլանյան» դաշինքի անդամները ներկա չեն եղել նիստին. բոյկոտել են այն։ 3 խմբակցությունների ավագանու անդամների թիվը միասին 16 է, իսկ քվորումի համար անհրաժեշտ էր ևս մեկ ձայն: Թեմայի առնչությամբ MediaHub.am-ը զրուցեց Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանի հետ։

«Նիստին չմասնակցելու համար կար երկու հիմնական պատճառ։ Մենք ասում ենք, որ համայնքը դեռ լիարժեք չի ձևավորվել։ Վանաձորը դեկտեմբերի 5-ից համարվում է խոշորացված համայնք և համայնքը ձևավորված է համարվում այն ժամանակ, երբ որ համայնքի բնակիչներն ընտրում են ավագանի, ավագանին էլ ընտրում է համայնքի ղեկավար, իսկ համայնքի ղեկավարն ավագանու հետ միասին ձևավորում է պատասխանատու «կաբինետները», սակայն այս գործընթացը մնացել է կիսատ։ Իշխանության պատվերով՝ ձերբակալված է վանաձորցու ամենաշատ վստահության քվե ստացած ուժի ղեկավարը, և մենք չենք կարողանում իրացնել ՏԻՄ օրենքով տված հնարավորությունը, այսինքն` ընտրել համայնքի ղեկավար։ Հետևաբար, այսօր մենք նման հարցադրմամբ նաև չենք գնացել նիստին, քանի որ մեզ մոտ հարց է առաջանում, մենք ո՞ր համայնքի բյուջեն էինք գնալու հաստատեինք. մենք սա համարում ենք հակաօրինական»,- ասաց Դոխոյանը։

Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են Վանաձորի համար մի կողմ դնել բոլոր նեղ քաղաքական շահերն ու ամբիցիաները․

«Մենք մեր քարոզարշավի ժամանակ երբեք չենք ասել՝ եթե քաղաքապետը մեր սրտով չլինի, չենք աշխատելու, չի բացառվում, որ քաղաքապետի ընտրության օր նշանակեն, պարտադիր պետք է ընտրվի մեր ուզած քաղաքապետը, հնարավոր է ընտրվի մեկ այլ մարդ, բնակականբար, պետք է համագործակցենք և աշխատենք հանուն Վանաձորի և վանաձորցու, բայց քանի որ այս պարագայում կա օրենքի խախտում, մենք համարում ենք, որ այս ձևաչափում անելիք չունենք, մինչև չընտրվի օրինական քաղաքապետ»,- հավելեց Դոխոյանը։

«Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանի խոսքով` հուլիսի 20-ին դատարանը մերժելու է Էդմոն Մարուքյանի հայցը, որը իշխանությունների ձեռամբ էր կազմակերպվել․

«Այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք նիստ գումարել, այսինքն` ընտրել համայնքի ղեկավար, ինչի պարագայում էլ մենք նաև կհաստատենք բյուջե»,- հավելեց Դոխոյանը։