ՀՀ ԶՈՒ-ն 4 ամիս է չունի ԳՇ պետ․ Զինված ուժերը ծրագրված ապամոնտաժվում են․ ռազմական փորձագետ

ՀՀ ԶՈՒ-ն 4 ամիս է չունի ԳՇ պետ․ Զինված ուժերը ծրագրված ապամոնտաժվում են․ ռազմական փորձագետ

 ՀՀ Զինված ուժերում որևէ բարեփոխում չի նկատվում, այն փոփոխություններն էլ, որոնք կարծես թե կատարվում են, ոչ թե բարեփոխումներ են, այլ Զինված ուժերը կազմաքանդման տանելու գործընթացներ են։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով հարցին՝ հետպատերազմյան ՀՀ-ի Զինված ուժերում արդյոք նկատվու՞մ է բարեփոխման, արդիականացման գործընթաց, թե ոչ։

«Ըստ էության, Զինված ուժերը հատուկ ապամոնտաժվում են, ամեն ինչ արվում է, որ հնարավորինս թույլ Զինված ուժեր ունենանք կամ հնարավորության դեպքում ընդհանրապես չունենանք։ Սա վերաբերում է նաև Պաշտպանության բանակին»,- ասաց Վրթանեսյանը։

Հարցին՝ հետպատերազմական շրջանը ՀՀ-ի համար կարելի՞ է վերականգնման ժամանակահատված համարել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն անգամ հաղթանակից հետո է շարունակում ծավալուն վերականգնման գործընթաց իրականացնել, Վրթանեսյանը նշեց․

«Եթե խոսքը բանակի մասին է՝ ոչ, սակայն մենք պետք է բանակը վերականգնենք շատ ինտենսիվ և դա համար մեկ խնդիրն էր մեր անվտանգության համար, թեև հակառակ պրոցեսն է եղել և դա շատ ակնառու է հենց այն փաստով, որ ՀՀ ԶՈՒ-ն չորս ամիս է չունի գլխավոր շտաբի պետ։ Սա նշանակում է, որ մեր բանակը գտնվում է անկայուն վիճակում շատ երկար ժամանակ, իսկ իշխանություններն այս առումով հայտնեցին, որ որևէ խնդիր չեն տեսնում»,- ասաց Վրթանեսյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին, Վրթանեսյանը նշեց, որ այն հիմնական զորավարժությունները, որ եղել են Արցախի՝ իրենց կողմից գրավված տարածքներում, էլի, ըստ էության, նույն պատերազմական սցենարներով արվող զորավարժություններ են․

«Այսինքն, Ադրբեջանը որևէ կերպ իր ախորժակը չի հագեցրել և պատրաստվում է հարմար պահի՝ հերթական հարվածը հասցնելու, այդ թվում և ՀՀ տարածքին»,- ընդգծեց ռազմական փորձագետը՝ հավելելով․

«Ադրբեջանը չի էլ թաքցնում, ավելին, բացեիբաց սպառնում է պատերազմով․ Ինչ-որ ժամկետներ են դնում ՀՀ-ի առջև, և սա խոսում է այն մասին, որ թշնամին տեսնում է մեր բանակի այս վիճակը, իսկ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն անում բանակի հզորացման համար, այլ հակառակը՝ կազմաքանդման պրոցեսներ են ընթանում այժմ»։

Անդրադառնալով ԶՈՒ պաշտոնատար անձանց կոմպետենտության հարցին` ռազմական փորձագետը կարծիք հայտնեց, որ այն, ինչ կատարվում է Զինված ուժերում, զուտ կոմպետենտություն ունենալ- չունենալու խնդիր չէ․

«Եթե մարդիկ իսկապես ուզենային բարեփոխում իրականացնել ԶՈՒ-ում, իրենց մոտ չստացվեր, կփորձեին նոր կադրեր գտնել. այստեղ խնդիրն այն չէ, որ նրանք ոչ կոմպետենտ են և դրա համար չեն կարողանում բանակը ոտքի կանգնեցնել, ես գրեթե վստահ եմ և իրենց քայլերն էլ վկայում են այն մասին, որ այն, ինչ անում է այսօր Նիկոլ Փաշինյանի թիմը, բանակը միտումնավոր քանդելու ծրագիր է։ Իմ խորին համոզմամբ՝ այս իշխանությունները ներկայացնում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը և ոչ թե հայկական պետականության, հայ ազգի շահերը»,- հավելեց Կարեն Վրթանեսյանը։

Մերի Գևորգյան