Ինչ է մարզպետի հողերը ոռոգեն, երկու համայնք անջուր են թողել

Արարատի մարզի Զանգակատուն համայնքի բնակիչները փաստի առաջ են․ ոռոգման ջուր չկա, որ կարողանան այգիները ջրել։ Պատճառն էլ այն է, որ Արարատի մարզպետի այգիները պիտի ջրվեն, ուստի ջրամբարի ջրերը մղվել են դեպի Տիգրանաշեն։
«2023 թվականի ընթացքում երկու անգամ ենք հասցրել ջրել այգիները։ Եթե գյուղացի մարդ եք, կհասկանաք, թե էս ինչ խնդիր ա։ Բերքը չորանում ա, խնձորն, օրինակ, էնքան մանր մնաց, որ օգտագործման ենթակա չէ։ Մեր գյուղի վերևում ջրամբար կա, որը մեզ լրիվ բավականացնում էր, բայց հիմա նախկին մարզպետի այգիների համար ա ծառայում էդ ջրամբարը։ 200 հազար խորանարդ ջուր էր մնում, բայց հիմա 150 լիտր/վայրկյան բացվել է, ու այս ջուրն ութ կմ բաց տարածքով գնում է դեպի Տիգրանաշեն, մոտ 40 լիտր է այնտեղ հասնում, մյուս 110 լիտրը վերանում է։ Արարատն ու Զանգակատունը մնում են առանց ջրի»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Զանգակատան բնակիչներից մեկը՝ Հակոբը։
Նա նշեց, որ ջրամբարի ջուրը «Ավշար» ՋՕԸ-ի տնօրինության տակ է եղել։ Հիմա Ռազմիկ Թևոնյանի տարածքներին է այդ ջուրը ծառայում (Արարատի մարզպետ է նշանակվել 10.12. 2020 թ-ին: Նրան այդ պաշտոնում փոխարինեց որդին՝ Սեդրակ Թևոնյանը, 2022 թվականի հունվարի 13-ին - խմբ.)։
«Մեզ ոչ ոք չի ասել՝ ինչ հիմքով է ջուրն ուղարկվում Տիգրանաշեն։ Մենք արդեն այնքան ենք տուժել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա պատմեց, որ Արարատի համայնքապետն ամեն ինչ արել է, որ բնակիչների շահը պահի, բայց ոչ ոք չի կարողացել պայքարել այս ամենի դեմ։
«Հիմա, եթե խնդիրն էլ փորձեն լուծել, այս տարվա բերքը կորած է։ Եթե մարդուն սպանեն, հետո դեղ տան, կապրի՞։ Նույնը բերքի մասով․ եթե ջուր չկա, բերքը չորացավ, էլ հետ չենք բերի»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա ցավով հայտնեց, որ իրենց խնդրի հետ մենակ են մնացել ու չգիտեն՝ ով ու ինչպես կարող է իրենց օգնել։
«Փաստորեն ուժեղից ուժեղն էլ կար, որ մեր համայնքապետն անգամ չկարողացավ հարցը լուծել»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։
Նարե Գնունի