Ինչու է ԱՄՆ-ն սպառնացել դուրս գալ բանակցություններից, և որն է ՌԴ-ի պահանջը ռուս-ուկրաինական կարգավորման հարցում

Ինչու է ԱՄՆ-ն սպառնացել դուրս գալ բանակցություններից, և որն է ՌԴ-ի պահանջը ռուս-ուկրաինական կարգավորման հարցում

ԱՄՆ-ի` Ուկրաինայի հարցով բանակցություններից դուրս գալու սպառնալիքներն ավելի շատ ուղղված են Կիեւին, քան Մոսկվային։ Այս մասին գրել է Axios պորտալը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաների։

Երեք եվրոպացի դիվանագետներ ասել են, որ Ռուբիոյի մեկնաբանություններն ուղղված են հիմնականում ուկրաինացիներին։

Ուկրաինայի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը Axios-ին հայտնել է, որ այս հայտարարությունները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի կողմից, արվել են Կիեւի վրա ճնշում գործադրելու նպատակով։

«Աղբյուրը նաև մտահոգություն է հայտնել, որ Թրամփի՝ բանակցություններից դուրս գալը կարող է հանգեցնել Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության դադարեցմանը»,- նշել է պորտալը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունները յուրատեսակ «նվեր են Պուտինին» դարձել և կարող են լինել հակամարտության հետագա զարգացման պատասխանատվությունը եվրոպական դաշնակիցների վրա դնելու փորձ, գրել է «The New York Times» թերթը։

NYT-ն, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, հայտնել է, որ Ռուսաստանը լրացուցիչ պայմաններ է դնում պատերազմը դադարեցնելու համար, մասնավորապես «դենացիֆիկացիան» և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարականը։

«ԱՄՆ-ն իրական հրադադարի ծրագիր ունի, որին Ուկրաինան համաձայնել էր դեռ մարտի կեսերին։ Բայց Ռուսաստանն է ձգձգում՝ պահանջելով նոր պայմաններ, այդ թվում՝ «դենացիֆիկացիա», այսինքն՝ Զելենսկու փաստացի փոխարինումը»,– գրել է հրատարակությունը։