Անդրադառնալով Հայաստանին օգնության հարցով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթին՝ ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գրել է.
«ՀԱՊԿ-ն իր անդամների համար ամեն ինչ է, բայց ոչ հավաքական անվտանգություն: Բելառուսն այն բացահայտորեն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության։ Բելառուսի հետ կապված իրավիճակի զավեշտն այն է, որ թեև նրանք դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում, բայց նաև Չմիավորման շարժման անդամներ են։ Ինչպիսի կատակ»:
Զարգացնելով թեման՝ ՀՀ նախկին ԱԳ նախարարը հավելել է.«Բելառուսի բռնապետի հիմար դատողությունները և հուզական պոռթկումները վտանգավոր են, քանի որ նա փորձում է ուրիշներին գցել իր մակարդակին և նրանց փորձ տալ: Իհարկե, նա իր շրջապատում նախընտրում է ադրբեջանցի «յուրայինին»։ Աշխարհի բռնապետե՛ր, միավորվե՛ք»:
Այնուհետև դիվանագետը նշել է, որ «փաստը մնում է փաստ, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից»: Ըստ Մնացականյանի՝ «ցանկացած խաղաղ բանակցություններ՝ առանց Հայաստանի անհապաղ և ամբողջական ապաօկուպացման հարցը լուծելու, խաղաղության ծաղր են»:
«Արցախի դիտարկումը՝ առանց նրա ժողովրդին սպառնացող իրական, շոշափելի, գոյաբանական սպառնալիքի անդրադառնալու, նախերգանքն է այն զանգվածային հանցագործություններին օժանդակման և աջակցման ակտի, որն Ադրբեջանը պատրաստ է իրականացնել։ Նրանք բավականին նախազգուշական նշաններ են տալիս նման միտումների համար», - եզրափակել է Մնացականյանը։
Նշենք, որ Լուկաշենկոն օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի հիմա, քանի դեռ իշխանության է Իլհամ Ալիևը, որի հետ, ըստ Լուկաշենկոյի, հնարավոր է բանակցել։
