Այն, ինչ տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու շուրջ, հակասում է ոչ միայն մեր ժողովրդի դարավոր հոգևոր և մշակութային ավանդույթներին, այլև հիմնարար իրավական սկզբունքներին, հայտարարել է ՀԱԵ Ռուսաստանի թեմը։
«Հայ եկեղեցու հեղինակությունը խարխլելու, հոգևորականներին վարկաբեկելու կամ հավատացյալների շարքերում պառակտում մտցնելու փորձերն անթույլատրելի են և սպառնում են ինչպես հոգևոր, այնպես էլ հասարակական ներդաշնակությանը»:
«Մենք դիմում ենք մեր ծխականներին, Ռուսաստանի Դաշնության ողջ հայ համայնքին և կոչ ենք անում պահպանել հանգստություն և տոկունություն, գործել բացառապես Ռուսաստանի իրավական դաշտում, չտրվել սադրանքներին և կեղծ տեղեկատվական լցոնումներին, որոնք վիրավորում են հավատացյալների զգացմունքները, ամրապնդել միասնությունը, աջակցել միմյանց, աղոթել խաղաղության, արդարության և հոգևոր վերածննդի համար»,– նշված է թեմի հայտարարության մեջ: