WhatsApp-ային կառավարում 

WhatsApp-ային կառավարում 

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ուշագրավ հատվածներից մեկը վերաբերում էր Պաշտպանության նախկին նախարար, այժմ ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալած Արշակ Կարապետյանի պաշտոնանկությանը:

Գործող վարչապետն, ըստ էության, ասել է, թե Կարապետյանը պաշտոնանկ է արվել անփույթ կառավարման կամ իրեն սխալ զեկուցելու համար: Ժամեր անց Կարապետյանը կոշտ պատասխան է տվել Փաշինյանին: Հենց դրանից հետո մի իսկական սկանդալ ծավալվեց:

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նոյեմբերի 14-ին իր ու Արշակ Կարապետյանի նամակագրությունը։ Պարզվեց՝ վարչապետը պաշտպանության նախարարի հետ շփվել ու զեկույցներ է ստացել WhatsApp-ով։

Իհարկե, մենք վաղուց գիտենք Փաշինյանի կառավարման նման «մշակույթի» մասին, վաղուց էր հայտնի, որ նա այդ եղանակով իր պատգամավորներին հրահանգներ է տալիս, նույնիսկ նախարար է ազատում գործից, բայց հրապարակային փաստ չունեինք: Փաշինյանի շնորհիվ այդպիսի փաստ ունեցանք:

Սա աննախադեպ խայտառակություն է. փաստորեն Փաշինյանը երկիրը ղեկավարում է WhatsApp-ով, որոշումներ կայացնում է ֆեյսբուքյան լայքերով: Սա է կառավարման մեթոդը:

Մյուս ոչ կարևոր հանգամանքը: Հիմա այլևս որևէ օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյա չունի երաշխիք, որ մի օր հոգեկան հավասարակշռությունը կորցրած Փաշինյանը չի հրապարակի իրենց փակ հանդիպումների լուսանկարները, բովանդակությունը:

Ո՞վ կարող է վստահել նման ղեկավարի:

Վահրամ Բագրատյան