Փաշինյանի նոր «խաղալիքը»
«Մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղին, ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար», - այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Երեկ Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, թե «կղերաֆեոդալական էլիտան» ուզում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել՝ նշելով՝ «ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ ուզում են Հայաստանի Հանրապետությունը հանձնել ՀԱՊԿ-ին»։
Փաստորեն վերջին օրերին Փաշինյանը նոր «խաղալիք» է գտել՝ «կղերաֆեոդալական էլիտա» անունով ու դրանով է փորձում պիտակավորել իր ընդդիմադիրներին:
Հետաքրքիր է՝ Փաշինյանը որևէ գաղափար ունի՞ 18-19-րդ դարերում ծավալում գտած այդ հոսանքի, նրա սոցիալական բազայի, դրսևորումների, անկման մասին, թե՞ հերթական բառն է գտել, որով փորձում է ինքն առաջադիմական երևալ, միով բանիվ՝ հասարակությանը ահաբեկել ինչ-որ «մռայլ» պատկերներով:
Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան գտնել:
Մի բան ակնհայտ է, որ Փաշինյանն ինքն այլևս չի հավատում «նախկիններ- ներկաներ» բանաձևի արդյունավետությանը և փորձում է գտնել նոր տերմիններ՝ քաղաքական գործընթացի մոդեռատորությունն ապահովելու նպատակով:
Իհարկե, սա փախուստ է իրականությունից, որի անունն է վստահության ճգնաժամ:
Վահրամ Բագրատյան