Հնարավո՞ր է Բագրատ Սրբազանի ձերբակալությունը
Երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից, ըստ էության, Բագրատ Սրբազանին ձերբակալելու քաղաքական պատվեր է տվել: Ավելի ուշ, Քննչական կոմիտեն մի տեսանյութ է տարածել, որում, որպես «զանգվածային անկարգությունների» կազմակերպիչ օղակի մեջ պատկերվում է Սրբազանը:
Շատերին Բագրատ Սրբազանի հնարավոր ձերբակալության հեռանկարը կարող է աբսուրդ թվալ, բայց նույն տրամաբանությամբ՝ աբսուրդ էր նաև երեկվա դեպքը, երբ Բաղրամյան- Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքված մի քանի հազար ցուցարարների դեմ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց:
Այն, ինչ անտրամաբանական է ադեկվատ մարդկանց պարագայում՝ միանգամայն «տրամաբանական» կարող է համարվել «իմպուլսիվ» Փաշինյանի դեպքում:
Ի՞նչ շարժառիթ կարող է ունենալ Փաշինյանը Սրբազանին կալանավորելու հարցում:
Ներքաղաքական հաշվարկը միանգամայն անտրամաբանական է, որովհետև բիրտ ուժը միայն ժամանակավորապես կարող է «կայունացնել» վիճակը, ավելին՝ ավելի է ռադիկալ դարձնելու հանրային տրամադրությունները:
Ենթադրում եմ՝ Փաշինյանն ունի նաև արտաքին քաղաքական պատճառներ:
Օրինակ, հնարավոր է նրա արտաքին հովանավորները կասկածում են իրավիճակը վերահսկելու Փաշինյանի կարողությունների վրա, ինչը փաստացի վարչապետին ստիպում է ներսում «ամուր բռունցք» ցույց տալ:
Ինչևէ, առաջիկա օրերը դրամատիկ են լինելու:
Վահրամ Բագրատյան