Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ»  թերթը գրում է․

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից. «փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով» լինել Ռուսաստանում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ին:

Որոշ տեղեկություններով, հրավերի նպատակը վերջին շրջանում Հայաստանում ծավալվող իրադարձություններն են, հակառուսական ալիքի աճը եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները։ Արդյոք ՌԴ-ում փորձո՞ւմ են, ի դեմս Ալեն Սիմոնյանի, իշխանության իրավահաջորդ պատրաստել․ երեկ հարցրել են Սիմոնյանին։ Նա ասել է, թե այցը վաղուց էր պլանավորված` կապ չունի վերջին իրողությունների հետ:

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ նախ ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հայկական պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնում վերջին ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված 17 զինծառայողի: Ապա ՀՀ ՊՆ-ն հրապարակեց վերադարձող ռազմագերիների անունները, Նիկոլ Փաշինյանն իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ-ին` գերիների վերադարձն ապահովելու համար: Իսկ հայ իրավապաշտպանները շեշտում էին, որ ով ինչքան էլ փիառվի գերիների թեմայով, նրանց վերադարձի հարցում ամենամեծ ներդրումն ունեցել է իրավաբան Սիրանուշ Սահակյանը:

«Հրապարակ»  թերթը գրում է,

Փաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձեւավորել: Հասկացել են, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից։ Եթե մինչ այս պահը հայտարարություններ անում էին Արցախի ԱԺ 3 ընդդիմադիր ուժերը, ապա ԱՀ ԱԽ ընդլայնված նիստի հայտարարությամբ պարզվեց, որ այդ կարծիքը կիսում է նաեւ Արայիկ Հարությունյանը: Այս անգամ գնահատականներով չբավարարվեցին, այլ հանդես եկան կոչով․

«Քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով եւ միջազգային բարձր ձեւաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված՝ ներկայացնելու եւ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են ՀՀ ներպետական եւ միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»:

«Հրապարակ»  թերթը գրում է,

Արցախի մեր աղբյուրները, սակայն, կարծում են, որ Վարդանյանի կամուկացն այլ պատճառներ ունի: Բանն այն է, որ քաղաքական շրջանակներում տեղեկություններ են պտտվում, թե շուտով Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմ կարող է սկսել՝ բոլոր հնարավոր հետեւանքներով, իսկ Վարդանյանի ծրագրերը միայն Արցախի հետ չեն կապված։ Բացի այդ, Արցախում այնքան անմխիթար վիճակ է ֆինանսական առումով, որ Վարդանյանը երկմտում է՝ կարո՞ղ է արդյոք դուրս գալ այդ ծանր բեռի տակից, թե՞ ոչ։  Արայիկ Հարությունյանը, ըստ էության, փաստի առաջ է կանգնեցրել նրան: Երեկ գրառում էր արել նաեւ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանը` ողջունելով Վարդանյանին արված առաջարկը: Մենք տեղեկացանք, որ Արցախի կառավարությունում միանշանակ չեն ընդունել այս փոփոխությունը` Ռ. Վարդանյանը պատրաստվում է արմատական փոփոխություններ անել այստեղ, եւ շատերն առաջիկայում կազատվեն պաշտոններից: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ ամենաերկար անուն ունեցող նախարարության՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Հատկապես վերջերս նրանց հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ Դումանյանը բացեիբաց ոչ միայն ցույց է տալիս իր վերաբերմունքը Անդրեասյանի նկատմամբ, այլ նաեւ նրան առնչվող աշխատանքները հանձնարարում է այլ աշխատակիցների՝ անտեսելով վերջինիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրեասյանն էլ իր հերթին նախարարին շատ հարցեր չի զեկուցում, այլ ուղիղ կառավարության հետ է աշխատում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով քրեական վարույթով հարցաքննվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցները, ոստիկանության ծառայողները, բոլոր ականատեսները, բացի Նիկոլ Փաշինյանից: Նա մինչ օրս չի հարցաքննվել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Վերջինիս հարցաքննության են հրավիրել քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով: Անձամբ Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել տեղեկությունը, սակայն նա չցանկացավ մանրամասներ ներկակացնել՝ միայն հաստատելով, որ հրավիրվել է հարցաքննության:

«Իրավունք» թերթը գրում է.

«ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում սահմանին: «Ես իրավիճակին ոչ մի կերպ չեմ տիրապետում, ինձ չի հետաքրքրում, առանց մեկնաբանության, ցտեսություն»: Ահա այսպես արձագանքեց մեր անմեղ հարցին ԳՇ նախկին պետը, ով ազատվեց աշխատանքից քրեական գործի հարուցումից հետո:

Ամենավատն այն է, որ նման ԳՇ պետ ենք ունեցել, հետո էլ զարմանում ենք, որ պարտվեցինք պատերազմում»:

«Իրավունք» թերթը գրում է.

«Վերջապես բեմ բարձրացավ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո ներկայացումը: Սակայն աղմկոտ անոնսից հետո պարզվում է` հանդիսատեսի սպասելիքները բոլորովին չեն արդարացվել: Հայկ Մարությանի հիմնական թիրախը եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին կսմիթելը եւ ոչ ավել: Եվ, իհարկե, հումորի քողի ներքո` իր քաղաքապետ աշխատած շրջանն է «սրբացրել»:

Մինչդեռ շշուկներ են պտտվում, որ սա ամենեւին էլ այն չէր, ինչ պատրաստվում էր ներկայացնել Հայկ Մարությանը: Պարզապես, վերին օղակներից ինչ-ինչ զգուշացումներից հետո խմբագրվել է ներկայացման բովանդակությունը` արդյունքում ստանալով «ճ» կլասի հումոր»: