Ավինյանը չհանձնեց քննությունը. նստի´ր, 2

Երեկ հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում` մայրաքաղաք Երևանում, «շատ անսպասելի» ձյուն եկավ: Իրականում, դա բոլորիս համար սպասելի էր, Սուրենյանը նախապես տեղեկացրել էր, որ առատ տեղումներ են սպասվում, և միայն կառավարության ու Երևանի քաղաքային իշխանությունների համար էր անսպասելի:
Մենք դրանում հերթական անգամ համոզվեցինք, երբ երեկոյան ժամը 5-ից արդեն իսկական սոդոմ-գոմոր սկսվեց մայրաքաղաքի փողոցներում: Չկար մաքրող տեխնիկա, ճանապարհները սառցակալած էին, և աղ ու ավազ շաղ տված չէր, քաղաքային տրանսպորտը սկսել էր նորմալ չաշխատել, իսկ ինչ-որ պահից սկսած` ավտոբուսի վարորդները հրաժարվում էին վարել, որովհետև այդ եղանակին ու սառած ու ձյունածածկ ճանապարհներին երթևեկելն ուղղակի անհնար էր կամ խիստ վտանգավոր: Հարյուրավոր քաղաքացիներ մնացել էին կանգառներում կանգնած` մտքում ու բարձրաձայն ճոխ բառամթերքով հիշելով քաղաքային իշխանություններին և անձամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Այդ ամենը, բնականաբար, բուռն կերպով արտահայտվում էր Ֆեյսբուքում, մարդիկ հիշում էին Ավինյանի` 2016 թվականին արված գրառումը, որով նա յուրահատուկ լուծում է առաջարկում քաղաքային իշխանություններին այսպիսի դեպքերում. «Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցները մաքրելու»:
Ու մինչ հանրությունը քննարկում էր Ավինյանի այս գրառումն ու քաղաքապետարանի` փաստացի անգործության մատնված լինելը կամ անարդյունավետ աշխատանքը, այդ ընթացքում Ավինյանը մասնակցում էր ՔՊ-ի նիստին, որին Նիկոլ Փաշինյանի անարգել ժամանելու համար պարեկները ջանասիրաբար փողոց էին փակում` արժանանալով քաղաքացիների հայհոյախառն սուլոցներին և վարորդների ազդանշաններին: Այսինքն` ճանապարհները բացելու փոխարեն փողոց էին փակում, որ Ավինյանն ու իր շեֆը հասնեն իրենց «չարաբաստիկ» կուսակցության անիմաստ նիստին:
Որոշ ժամանակ անց Ավինյանը հայտնվեց մայրաքաղաքի` կաթվածահար եղած փողոցներում, բայց ոչ թե բահը, այլ տեսախցիկը ձեռքին, ուղիղ եթերը միացրած:
Եվ մի կողմից մարդիկ տեսանյութեր էին հրապարակում, թե ինչպես են մնացել փողոցում, կամ ինչ հսկայական խցանումներ են մայրաքաղաքի տարբեր հատվածներում, որովհետև ճանապարհները չեն մաքրում, մյուս կողմից Ավինյանը լայվով ցույց էր տալիս, թե ինչպես են Ավանում և Նոր Նորքում մաքրում ճանապարհները:
Հայտնվել էինք զուգահեռ իրականությունում. մի կողմից փողոցում մնացած հարյուրավոր քաղաքացիների արդար դժգոհությունն էր` ուղեկցված իրենց աչքի տեսածով, մյուս կողմից Ավինյանի ու իր թիմի «ժրաջան» աշխատանքն էր ուղիղ եթերում և իշխանա-ավինյանական լրատվամիջոցներում, թե ինչպես է քաղաքային իշխանությունը «կաշվից դուրս գալիս», որ իրավիճակը կարգավորի:
Կարճ ասած` Տիգրան Ավինյանն ու իր 9 տոկոսանոցների թիմը այս «անակնկալ» ձյան փորձությունը չկարողացան պատվով հաղթահարել, և հերթական անգամ ցույց տվեցին, որ հեռու են արդյունավետ կառավարումից, դրա համար բավարար խելք, փորձ և հմտություն չունեն, նույնիսկ Կամո Արեյանին այդ աշխատանքներում ընդգրկելու և «լայվում» ցուցադրելու պարագայում:
Նստե´ք, 2:
Վահե Մակարյան