Արարատի մարզի մի մասը երեկվանից հոսանքազրկված է. ի՞նչ է հայտնի

Արարատի մարզի մի մասը երեկվանից հոսանքազրկված է. ի՞նչ է հայտնի

Երեկ հոսանքազրկվել են Արարատի մարզի մի շարք համայնքներ, այդ թվում` Արտաշատ քաղաքն ու հարակից գյուղերը, որոնց մի մասը մինչ այս պահը շարունակում են մնալ առանց էլեկտրաէներգիայի: Ասացին` պատճառը եղանակային պայմաններն են: 

Մասնավորապես, երեկ` փետրվարի 20-ին, ժամը 15:00-ից վատ եղանակային պայմանների պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատում է տեղի ունեցել Արարատի մարզի մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ Արտաշատ, Շահումյան, Նորաշեն, Ներքին Դվին համայնքներում, Այգեստան, Կանաչուտ, Մրգանուշ գյուղերում և հարակից տարածքներում: 

ՀԷՑ-ից MediaHub-ին ասացին, որ նշված համայնքների էլեկտրամատակարումը փետրվարի 21-ի առավոտյան վերականգնվել է, սակայն Արարատի մարզի որոշ գյուղեր (Բաղրամյան, Ազատավան, Բուրաստան, Մասիս և մի շարք այլ բնակավայրեր) դեռ մնում են հոսանքազրկված: 

ՀԷՑ-ից նաև նշեցին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից գործի են դրվել ոչ միայն ընկերության մասնաճյուղի, այլ նաև Երևանի վթարավերականգնողական բրիգադները: 

«Արվում է հնարավորինս առավելագույն կարճ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու և բաժանորդների էլեկտրամատակարարումը առաջիկա ժամերի ընթացքում վերականգնելու համար»,- ասաց ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանը:

Նրա խոսքով` տեղեր կան, որ առատ ձյան պատճառով մասնագետները չեն կարողանում մոտենալ, որ վթարի հետևանքները վերացնեն, բայց անում են ամենը, որ հնարավորինս շուտ վերականգնեն բաժանորդների էլեկտրաէներգիան, թե երբ` հստակ ժամկետ դժվարացավ նշել:

Վահե Մակարյան